
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է, որ գոմում մոտ 300-ից ավելի գառներ սատկած են։
Գյուղացիները մեզ հետ զրույցում ասում էին, որ նման խոշորամասշտաբ դեպք գյուղում առաջին անգամ է լինում։
«Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց է դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխար, էդ թվում՝ մայրացու գառներ, գյուղի պատմության մեջ դեռ չէր եղել։
Հիմա ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած գյուղացիներին չթողնեն միայնակ։ Բոլորս վարկերով վերցրած մի կերպ պահում էինք, ու մեծ մասը միայն հասցնում էր վարկերը փակել։ Հիմա էկոնոմիկայի նախարարությունը եթե բարի կամք դրսևորի, հաստատ կարող է մեզ միայնակ չթողնել այս աղետի մեջ։ Սա որ աղետ է, միանշանակ է։ Ողջ գյուղով երկար ժամանակ շոկից դուրս չենք գա։ Գելերն արդեն մեր ապրուստի միջոցը րոպեների ընթացքում զրոյացրեցին»,-նշում էին նրանք։
Նախնական տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս»,- հավելում է լրատվամիջոցը։


