
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է․ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քվեարկության օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իշխանությունների կողմից ճնշումներ են գործադրվել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, սակայն, ըստ նրա, դա չի կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա։
Ծառուկյանի խոսքով՝ ընտրության օրը ևս իրենց թիմակիցներից մի քանիսին տարել են բաժիններ և անհանգստացրել։ «Այսօր էլ մի 50 հոգի մեր մարդկանցից տարել են, բայց դա էլ հարցի լուծում չի։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը ուզում է փոփոխություն, սուտ ասելը ապագա չի»,-ասել է նա։ Ծառուկյանը նաև քննադատել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա լարվածությունը՝ նշելով, որ դրա հետևանքները կարող են ծանր լինել երկրի տնտեսության համար։ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է։ Եթե տնտեսություն չկա, պետություն չկա։ Ժողովուրդը աղքատանալու է, սննկանալու է, կորցնելու է ունեցածը»,– հայտարարել է նա։
Լրագրողների հարցին, թե ինչ կլինի, եթե իշխանությունը պարտվի ընտրություններում, Ծառուկյանը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից և Աստծու կամքից։ «Աստված մեզնից երես չի թեքելու, և իմ ժողովրդի առաջ լույս է բացվելու։ Լավ փոփոխություն է լինելու, որ մարդիկ կարողանան աշխատել, իրենց տունը պահել, բիզնես հիմնեն»,– ասել է նա։ Ծառուկյանը կրկին խոսել է նաև իր նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանի ծրագրի մասին՝ պնդելով, որ դրա իրականացումը կարող է խթանել զբոսաշրջությունը և մեծ ֆինանսական հոսքեր ապահովել Հայաստան։ «Մեր երկիրը ծաղկելու է, ներդրումներ են լինելու, տուրիզմը զարգանալու է, աշխատանք է լինելու»,– նշել է նա։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Ծառուկյանն ասել է, որ Մոսկվան հետևողականորեն պաշտպանում է իր շահերը և արձագանքում Հայաստանի արտաքին քաղաքական ընտրություններին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հստակ ազդակներ է փոխանցում, որ եթե Հայաստանը հեռանում է իր ավանդական գործընկերությունից, ապա տնտեսական հարաբերությունները նույնպես կարող են փոխվել, ինչը կարող է անդրադառնալ ինչպես գազի գնի, այնպես էլ տրանսֆերտների և արտահանման վրա։ «Եթե տարեկան միլիարդավոր դոլարների տրանսֆերտներն ու արտահանումը չլինեն, թող տեսնենք՝ ով է դրա տակից դուրս գալու»,– ասել է Ծառուկյանը։


