
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները երկրի համար պայքարի վերջին գլուխն են․ միջազգային մամուլն՝ ամփոփ
Արևմտյան մամուլը լայնորեն անդրադարձել է ՀՀ-ում այսօր անցկացվող ընտրություններին։ Ի տարբերություն ռուսականի ՝ այստեղ գերակշռում են վերլուծական հոդվածները։
ՀՀ-ում ընտրությունները դիտարկվում են ավելի լայն համատեքստում․ շեշտադրումը ՀՀ-ի աշխարհաքաղաքական ընտրությունն է՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք։
Deutsche Welle-ն գրում է, որ հայերը հունիսի 7-ին քվեարկում են երկրի ապագա աշխարհաքաղաքական ուղղության վերաբերյալ:
Ընտրությունները կլինեն հանրային կարծիքի փորձություն Ռուսաստանի վաղեմի դաշնակցի համար, որի բնակչությունն ավելի ու ավելի է հայացքն ուղղում ԵՄ-ի ուղղությամբ։
Ինչպես նշվում է, Հայաստանի քաղաքացիները ոչ միայն ընտրում են նոր Ազգային ժողով, այլև քվեարկում են երկրի ապագա աշխարհաքաղաքական ուղղության վերաբերյալ: Սեղանին դրված է կա՛մ ԵՄ-ին արագ ինտեգրումը, կա՛մ Ռուսաստանի ազդեցության ոլորտ վերադառնալը:
Լրատվամիջոցը հարցադրում է անում․ արդյոք Եվրամիությունն ու Ռուսաստանը գնո՞ւմ են նոր աշխարհաքաղաքական բախման Հայաստանի շուրջ: Քանի որ Երևանը հեռանում է Մոսկվայից՝ Ադրբեջանի հետ հակամարտությունում աջակցություն չստանալուց հետո, Եվրամիությունը միջամտել է ֆինանսավորմամբ և քաղաքական աջակցությամբ:
Deutsche Welle-ն, մեջբերելով ավելի վաղ արված հարցումների արդյունքները, նշել է, որ դրանք, կարծես, վկայում են Հայաստանն Արևմուտքին մոտեցնելու Փաշինյանի ջանքերի որոշակի հավանության մասին, չնայած նա չի կարողանա միայնակ կառավարել, եթե ընտրությունների կանխատեսումների արդյունքները հաստատվեն:
Չնայած նախընտրական հարցումներում դեռևս առաջատար դիրք զբաղեցնելուն, Փաշինյանը քննադատության է ենթարկվել ընդդիմության և հասարակության որոշ շերտերի կողմից, որոնք նրան մեղադրել են կապիտուլյացիայի ենթարկվելու համար։
Euronews-ը գրում է, որ Հայաստանը մասնակցում է Հարավային Կովկասի ապագան որոշելու կարևորագույն քվեարկությանը։
Հեղինակավոր ԶԼՄ-ն հիշեցրել է, որ քվեարկության նախօրեին Հայաստանի քննչական կոմիտեն ձերբակալել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության 6 թեկնածուի, այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ թույլատրել է դատական գործողություններ փողերի լվացման և նյութական խրախուսման մեղադրանքների վերաբերյալ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունները նաև ցույց են տվել Ռուսաստանից Երևան ժամանող հայերի թվի կտրուկ աճ։ Անկայուն ընտրարշավի վերջին փուլերում և՛ Եվրամիությունը, և՛ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցել են Փաշինյանին, քանի որ նա զգուշորեն, բայց հաստատակամորեն ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության արևմտամետ վերակողմնորոշումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրից հետո՝ մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը դնելով Ռուսաստանի հետ բախման ուղու վրա։
BBC-ն գրում է, որ 3 միլիոն բնակչություն ունեցող փոքր հարավկովկասյան երկիրը Մոսկվայի կողմից աճող տնտեսական ճնշման տակ է, քանի որ Փաշինյանը ցանկանում է վերընտրվել եվրաինտեգրման խոստումով։
Ընտրությունները միջազգային զգալի ուշադրություն են գրավել Հայաստանի վրա, որը կայուն կերպով մոտեցել է Արևմուտքին՝ միաժամանակ դեռևս կապված լինելով Ռուսաստանի՝ իր ամենամեծ առևտրային գործընկերոջ հետ։ Փաշինյանի քննադատները երբեք չեն ներել նրան Ադրբեջանի հետ խաղաղության օգտին զիջումների գնալու համար։
Ընտրություններին գնացող շարքային հայերի համար հարցն ավելի բարդ է, քան ցանկացած աշխարհաքաղաքական ձևակերպում. արդյո՞ք նրանք պատրաստ են կրել Փաշինյանի ընտրած ուղղության տնտեսական հետևանքները՝ գիտակցելով, որ եվրոպական ապագան դեռևս հեռավոր հեռանկար է։
Bloomberg-ը, The Washington Times-ը, The Washington Post-ը ևս շեշտել են, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնց ուշադրության կենտրոնում Ռուսաստանի հետ կապերն են։
Foregin Policy-ն նշել է, որ դարեր շարունակ արտաքին ուժերը մրցել են Հայաստանի՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև գտնվող մի փոքրիկ հարավկովկասյան պետության վերահսկողության համար։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններն այդ պայքարի վերջին գլուխն են։ Եթե Եվրոպայի այլ վայրերում Թրամփի աջակցությունը կարող է քաղաքականապես թունավոր լինել, ապա Հայաստանում այն կարող է առավելություն լինել։
Ռուսաստանի հեղինակությունը կտրուկ անկում է ապրել Լեռնային Ղարաբաղի կորստից հետո, և շատ հայեր Վաշինգտոնի հետ ավելի սերտ կապերը համարում են հնարավորության աղբյուր։ Եթե դա վերածվի ձայների, դա կարող է լինել Թրամփի հաղթանակ, որը նաև պարտություն կլինի Պուտինի համար։


