
ՀՀ ընտրություններում մեծ խմբերով զինվորներ են քվեարկել, և նման քվեարկությունը դժվար է վերահսկել․ ՌԴ ԿԸՀ-ից դիտորդ
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Մարկինան հայտարարել է, որ ՀՀ ընտրություններում ձայների հաշվարկի ընթացակարգն անհիմն բարդ է, ինչը շփոթություն է առաջացնում ընտրական հանձնաժողովի անդամների շրջանում հաշվարկի և արձանագրությունների կազմման ընթացքում․ գրում է ria.ru-ն։
Նա ընդունել է, որ ընթացակարգը համապատասխանում է ՀՀ Ընտրական օրենսգրքին։
«Չնայած լայնածավալ նախապատրաստական աշխատանքներին և մեթոդաբանական առաջարկությունների առկայությանը՝ ընտրական հանձնաժողովի անդամները շփոթված էին ձայների հաշվարկի և արձանագրությունների կազմման ժամանակ։ Մեր կարծիքով՝ ընթացակարգը բավարար չափով կատարելագործված չէր»,- նշել է Ռուսաստանի ԿԸՀ անդամը, որն ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ է։
Մարկինայի խոսքով՝ անհայտ անձանց մի խումբ պահանջել է, որ ԱՊՀ առաքելության դիտորդները ոչնչացնեն Հայաստանի Արմավիրի մարզի ընտրատեղամասի ընտրողների ներկայության մասին զեկույցը։
«Մենք լրացնում ենք հայտնաբերված թերությունների և խախտումների մասին զեկույցներ առաքելության աշխատանքի շրջանակում… Խախտում հայտնաբերելով՝ նրանք լրացրել են զեկույցը։ Տեղամասային հանձնաժողովի գործընկերները տեսել են դա, վեր կացել և պահանջել են ոչնչացնել զեկույցները», – նշել է Մարկինան։
Դիտորդական առաքելության անդամները հրաժարվել են ոչնչացնել զեկույցը, քանի որ կատարել են իրենց լիազորությունների շրջանակում տրված պարտականությունները։ Մինչդեռ, տեղամասում ներկա ոստիկանությունը չի միջամտել։
16/25 ընտրատեղամասում առաքելության ներկայացուցիչները հայտնաբերել են աննշան թերություններ և դրանք ներկայացրել են ընտրական հանձնաժողովի անդամների ուշադրությանը։
Մարկինան հայտնել է, որ Հայաստանի ընտրություններում մեծ խմբերով զինվորներ են քվեարկել, և նման քվեարկությունը դժվար է վերահսկել։
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի քարտուղարության գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկինը հայտարարել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ մթնոլորտը լարված էր. նման քարոզարշավ կարելի էր տեսնել ԱՊՀ-ում առաջին անգամ երկար տարիների ընթացքում։


