
Պատճառը ռեժիմին քննադատելն է․ ցանկացած գործ ցանկացած մարդու վրա կկարեն․ Մանվելյանը՝ Չալաբյանի ձերբակալության մասին
Բառացիորեն 2 օր առաջ Ավետիքի հետ խոսում էինք, և հաշվի առնելով այս միտումը՝ ամեն օր ձերբակալել քաղաքական գործիչներին, հատկապես նրանց, ովքեր ամենասուր քննադատությանն են ենթարկում այս ռեժիմին և նրա պարագլխին, սպասելի էր․ այսօր, անդրադառնալով «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը, ասաց միավորման անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։
«Ավետիքն ինչ-որ առումով սպասում էլ էր, ասում էր, որ հաջորդը ես եմ լինելու։ Հետևաբար, պետք չի սպասել, թե ինչի համար են մեղադրել, մեղադրանք, ոնց ասում են, կկարեն ցանկացած դեպքում, կարևորը պատճառ լինի, իսկ պատճառը ռեժիմին քննադատելն է, ուրիշ պատճառ չկա, այսինքն՝ մի՛ փնտրեք այդտեղ ինչ-որ կեղծ բաներ, որ իրենք ամեն անգամ բոլորի վրա կարում են, նորից եմ կրկնում՝ ցանկացած գործ ցանկացած մարդու վրա կկարեն»,- ասաց նա։
Մարդիկ՝ թեկուզ ելույթներով, թեկուզ իրենց խոսքով, թեկուզ արտահայտվելով, պետք է ցույց տան, որ այս իրավիճակի հետ հաշտ չեն։
«Ավետիք Չալաբյանի խնդրի հիմքում Հայաստանի անկախության վերացման գործընթացն է, որ սկսել են սրանք, Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին վաճառելու գործընթացն է, և դրա դեմ դիմադրելու հարցը, մնացածն արդեն կեղծիք է։ Հիշենք՝ «ՀայաՔվե»-ն ինչի՞ց է ստեղծվել, ստեղծվել է Արցախի պաշտպանության դրոշի ներքո, ու հետագայում մենք հասկացանք, որ ոչ միայն Արցախի խնդիրը, այսօր Հայաստանի պաշտպանության խնդիրը կա, Հայաստանը մաս-մաս տալիս են այս մարդիկ, նրանց գործընկերներն էլ, այսպես կոչված, մեծ փառատոներ են անում՝ մեկ Օրդուբադում, մեկ՝ Գանձակում, հիմա էլ պատրաստվում են Կոնգրեսում լսումներ անցկացնել «Արևմտյան Ադրբեջան վերադարձ» ծրագրով»,- ասաց Արմեն Մանվելյանը։


