26 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծանրաբեռնված հիվանդանոցներ, խափանված տրանսպորտային համակարգ․ Եվրոպան դժվարությամբ է դիմակայում կիզիչ շոգին

Ծանրաբեռնված հիվանդանոցներ, խափանված տրանսպորտային համակարգ․ Եվրոպան դժվարությամբ է դիմակայում կիզիչ շոգին

Ծանրաբեռնված հիվանդանոցներ, խափանված տրանսպորտային համակարգ և հանրային ծառայություններ Եվրոպայում․ Ֆրանսիայից մինչև Լեհաստան իշխանությունները զգուշացնում են, որ մայրցամաքը դժվարությամբ է դիմակայում կիզիչ շոգին․ գրում է Euronews-ը։

France-Presse-ի տվյալներով՝ առնվազն 101 միլիոն եվրոպացի բախվել է 35°C-ից բարձր ջերմաստիճանի, մահացել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ Փարիզում մեքենայում մահացած 3 տարեկան երեխա և մարդիկ, որոնք խեղդվել են՝ փորձելով զովանալ։

Շոգը հատկապես ծանր հարված է հասցրել առողջապահական համակարգերին։ Ֆրանսիայում շտապօգնության բաժանմունքները գրանցել են շոգի հետ կապված դիմումների քառապատիկ աճ․ կտրուկ ավելացել են սրտային կանգերի դեպքերը։

Փարիզի իշխանությունները հանգստյան օրերին արգելել են երեկոյան ժամերին ալկոհոլի վաճառքը և հանրային վայրերում խմելը։ Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության (NHS) ներքո գործող մի շարք հիվանդանոցներ հայտարարել են, որ զովացման համակարգերի խափանումները խաթարել են բժշկական սարքավորումների և վիրահատարանների աշխատանքը։

Ջերմային ալիքն այժմ շարժվում է դեպի արևելք։ Գերմանիայում, որտեղ կանխատեսվում է, որ ջերմաստիճանը շաբաթավերջին կհասնի մինչև 40°C, չեղարկվել են մի շարք բացօթյա միջոցառումներ, իսկ Deutsche Bahn երկաթուղային օպերատորը խորհուրդ է տվել խուսափել ճանապարհորդություններից։

Հարավային Եվրոպայում արդեն իսկ ծանր կորուստներ են գրանցվել․ Իսպանիայի MoMo մահացության մոնիթորինգի համակարգը հայտնել է, որ նախորդ կիրակիից չորեքշաբթի ընկած ժամանակահատվածում գրանցված 212 մահ հնարավոր է՝ կապված լինի շոգի հետ։

Իտալական լրատվամիջոցները հաղորդել են մահվան 5 դեպքի մասին։ World Weather Attribution-ի գիտնականների ուսումնասիրությունում նշվում է, որ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում գրանցված ռեկորդային շոգի համար «անվիճելիորեն» պատասխանատու են մարդածին կլիմայական փոփոխությունները։ Նրանց խոսքով՝ նման ջերմաստիճանները հունիսին «գործնականում անհնար» կլինեին 50 տարի առաջ։ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գլխավոր քարտուղար Սայմոն Սթիլը հայտարարել է, որ ջերմային ալիքը «կրում է կլիմայական ճգնաժամի բոլոր նշանները»՝ զգուշացնելով, որ ծայրահեղ շոգը շարունակելու է սրվել, քանի դեռ մարդկությունը չի դադարեցնում մեծ քանակությամբ ածխի, նավթի և գազի այրումը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026