
Ես 25 տարեկան եմ, ուստի ինձ չեն կարող մեղադրել դրա համար․ Հոլանդն ի պատասխան հարցին, թե ինչու Նորվեգիան 28 տարի չի մասնակցել Աշխարհի առաջնությանը
Նորվեգիայի հավաքականի աստղային հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկին ուշադրություն է գրավել Բրազիլիայի նկատմամբ տարած 2:1 հաշվով հաղթանակից հետո։
Խաղից հետո հանդերձարան գնալու ճանապարհին նախ ֆուտբոլիստը հանդիպել է երկրի ապագա թագուհու՝ 22-ամյա արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրայի և նրա 20-ամյա եղբոր՝ արքայազն Սվերե Մագնուսի հետ։
Հոլանդը, որը Բրազիլիայի դարպասն ուղարկած երկու գոլերի համար ճանաչվել է խաղի լավագույն խաղացող, իր անհատական խաղը ևս բարձրացրել է նոր մակարդակի։ Նրա 7 գոլերը նրան դասել են լավագույն ռմբարկուների շարքին՝ համաշխարհային ֆուտբոլի աստղեր Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի կողքին։ Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ հարձակվողը շեշտել է այս պատմական հաղթանակը հայրենի երկրում երկրպագուների հետ տոնելու ցանկությունը։
«Ես կցանկանայի լինել այդ փողոցներում և միանալ ուրախությանը։ Բոլորը պետք է վայելեն այս հաղթանակը։ Ամբողջ Նորվեգիան պետք է ուրախանա։ Մենք ապրում ենք Նորվեգիայի պատմության ամենախենթ օրերից մեկը։ Մենք պարզապես պետք է վայելենք դա, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, իսկապես անհավանական է», – ասել է նա։
Լրագրողներից մեկը նշել է, որ Նորվեգիան 28 տարի անընդմեջ եղել է «Աշխարհի առաջնությունից դուրս», ինչին ի պատասխան Հոլանդը հումորով նշել է․ «Ես 25 տարեկան եմ, ուստի՝ ինձ դրա համար չեն կարող մեղադրել»։


