09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում ընթացող դատավարությունը քաղաքական պատվեր է, միջազգային դատարան դիմելը մեր հաջորդ քայլն է․ Դավիթ Իշխանյան

Բաքվում ընթացող դատավարությունը քաղաքական պատվեր է, միջազգային դատարան դիմելը մեր հաջորդ քայլն է․ Դավիթ Իշխանյան

 

Բաքվի բանտում պահվող Արցախի ԱԺ նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանը հերթական ուղերձում անդրադարձել է իր և մյուս հայ գերիների գործերով ընթացող դատավարություններին՝ նշելով, որ վերաքննիչ դատարանում քննվող գործընթացը կրում է առավելապես ձևական բնույթ։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը գիտակցում է, որ վերաքննիչ ատյանում առաջին ատյանի դատավճռի փոփոխության հավանականությունը գրեթե բացակայում է, սակայն այդ փուլն անհրաժեշտ է միջազգային դատական ատյաններ դիմելու համար։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ որևէ փոփոխություն չի կարող լինել առաջին ատյանի դատավճռի հետ կապված, բայց գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը հենց դա է, դիմել ենք վերաքննիչ դատարան»,- նշել է Իշխանյանը։

Նա նշել է, որ դատավարությունն ամբողջությամբ քաղաքական բնույթ ունի և որևէ առնչություն չունի քրեական հանցագործությունների հետ։

«Սա քաղաքական պատվերով և քաղաքական դատավարություն է։ Այն որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, այլ էթնիկ պատկանելիության և ազգային ատելության հողի վրա իրականացվող դատավարություն է»,- ասել է նա։

Իշխանյանի խոսքով՝ վերաքննիչ դատարանում իր ելույթի ընթացքում ներկայացրել է առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված՝ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Նա նաև նշել է, որ իր խոսքը բազմիցս ընդհատվել է դատախազների և դատավորի միջամտություններով։

Արցախի նախկին պատգամավորը պնդել է, որ մեղադրանքներն ու դատավճիռը կառուցված են անհիմն պնդումների վրա։ Որպես օրինակ նա նշել է, որ 1993 թվականին ծնված անձանց վերագրվում են 1991-1994 թվականների ռազմական գործողություններին մասնակցելու դրվագներ։

«Սա ոչ թե կարված, այլ կարկատված գործ է»,- ընդգծել է Իշխանյանը։

Նրա գնահատմամբ՝ դատավարությունը միայն առանձին անձանց դեմ չէ, այլ ուղղված է «հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»՝ հեռահար քաղաքական նպատակներով։

Դավիթ Իշխանյանը նաև անդրադարձել է դատավարական խնդիրներին՝ նշելով, որ մինչև այժմ պաշտպանները չեն ստացել մեղադրական ակտի, մեղադրական եզրակացության և դատավճռի պատճենները։ Նրա խոսքով՝ դատարանը միայն թույլ է տվել փաստաբաններին էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ դատավճռին՝ առանց այն իրենց տրամադրելու։

Իշխանյանը նշել է նաև, որ ադրբեջանական կողմը արհամարհանքով է վերաբերվում միջազգային դատարանների թեմային և հաճախ մատնանշում է Հայաստանի իշխանությունների պասիվությունը։

«Մեր երեսին ուղղակի ասում են՝ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ապա ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից»,- փոխանցել է նա։

Ուղերձի ավարտին Դավիթ Իշխանյանը նշել է, որ ինքն ու մյուս հայ կալանավորվածները շարունակում են իրենց իրավական պայքարը, սպասում են դատավարության հաջորդ փուլի ավարտին և «հստակորեն անում են իրենց քայլերը»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026