
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էներգետիկ տարանցման կարևոր օղակ․ Իրանի դեսպան
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էներգետիկ տարանցման կարևոր օղակ, եթե կարողանա արդյունավետ օգտագործել իր աշխարհագրական դիրքն ու հարևան երկրների ներուժը․ABC Media-ի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ Իրանում դրական են գնահատում հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող դրական միտումները՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրների համար առավել նպատակահարմար է տարաձայնությունները մի կողմ դնել և համագործակցությունը զարգացնել տրամաբանական ու փոխշահավետ ձևաչափերով։
Դեսպանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շուրջ քննարկումները տարբեր մակարդակներում մշտապես շարունակվում են։ Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստան էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահը, որի հանդիպումների ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման, նոր ծրագրերի և փոխկապվածության խորացման հարցերը։
«Քննարկումները վերաբերում են ինչպես գազի, այնպես էլ էներգետիկայի, էներգակիրների տեղափոխման ու տրանզիտի, ինչպես նաև նավթամթերքի ոլորտներում համագործակցության հնարավորություններին»,- ասաց դեսպանը։
Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում առկա էներգետիկ ներուժը լիովին բավարար է, որպեսզի Հայաստանը կարևոր դեր ստանձնի։ Նա ընդգծեց, որ Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհագրական դիրքում, որտեղ հարևան է Իրանին՝ նավթի և գազի խոշոր պաշարներ ունեցող երկրներից մեկին, իսկ հյուսիսում՝ Ռուսաստանին, որը նույնպես համաշխարհային էներգետիկ ազդեցիկ պետություն է։
«Այս ամբողջ ներուժը կարող է փոխլրացնել միմյանց և հնարավորություն տալ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտի և էներգակիրների տրանզիտի յուրահատուկ օղակի»,- ասաց նա։
Դեսպանի խոսքով՝ ներկայում քննարկվող նախաձեռնությունները դեռևս նախնական փուլում են, ուստի մանրամասներ հայտնել չի կարող։ Միաժամանակ նա ընդգծեց, որ նոր գաղափարներ և ծրագրեր կան, և եթե երկու կողմերն անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերեն, Հայաստանը կարող է զգալիորեն խորացնել իր էներգետիկ ներուժն ու զբաղեցնել նոր դիրք տարածաշրջանային էներգետիկ համակարգում։


