
Գրետա Թունբերգը Բեռլինում բողոքի ակցիայի ընթացքում «սոսնձվել է» ասֆալտին
Շվեդ բնապահպան և ակտիվիստ Գրետա Թունբերգը տասնյակ այլ ցուցարարների հետ բողոքի ակցիա է անցկացրել Բեռլինում՝ գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի գրասենյակի մոտ՝ հանդես գալով զենքի արտադրության և Գազայի հատվածում պատերազմի դեմ։
TACC-ի փոխանցմամբ՝ ավելի քան 40 ակտիվիստ, այդ թվում՝ Թունբերգը, «սոսնձվել են» գետնին՝ գրասենյակի դիմաց։ Դեպքի վայր է ժամանել շուրջ 70 ոստիկան, որոնք սկսել են ցուցարարներին պոկել ասֆալտից և հեռացնել տարածքից։
Ակցիան կազմակերպել է Peacefully against Genocide նախաձեռնությունը։ Բողոքի ակցիան ուղղված էր Բեռլինի Վեդինգ շրջանում գործող Rheinmetall գործարանի գործունեության, Գազայի հատվածում ռազմական գործողությունների և զինված հակամարտությունների գոտիներում գերմանական զենքի կիրառման դեմ։


