
Թբիլիսիում քննարկվել են հայկական ապրանքների՝ Վրաստան արտահանման հնարավորությունները
Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորությունների, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացմանը․ հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը մասնակցեցին վրացական գրեթե բոլոր խոշոր մեծածախ առևտրային ցանցերի՝ «Ori nabiji», «Carrefour», «Agrohub», «Ambari», «Armenia», «Daily Group», «Goodwill», «Nikora», «Smart Retail», «Viva», «Zgapari» ընկերությունների վաճառքի և ներմուծման հարցերով ղեկավարները, Վրաստանի «Մանրածախ առևտրի ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Սոփիո Քաշակաշվիլին։
Իր բացման խոսքում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ մասնագիտական հարթակ՝ համագործակցության ընդլայնման, առկա հնարավորությունների ներկայացման, ինչպես նաև նոր գործարար կապերի հաստատման համար։
Սահիկաշարի միջոցով ներկայացվեցին Հայաստանի արտահանող և արտադրող ընկերությունների առաջարկներ, արտահանման համար պատրաստ արտադրատեսակների ցանկ, ինչպես նաև հայկական լոգիստիկ ընկերությունների տվյալներ։


