17 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը «իրական խաղաղության» մեջ է Հայաստանի հետ, բայց առանց սահմանադրական փոփոխության խաղաղության պայմանագիր չի լինի․ Հաջիև

Ադրբեջանը «իրական խաղաղության» մեջ է Հայաստանի հետ, բայց առանց սահմանադրական փոփոխության խաղաղության պայմանագիր չի լինի․ Հաջիև

Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են «իրական խաղաղության» մեջ և վերականգնում են առևտրային կապերը՝ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո. Reuters-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

Բաքուն պնդում է, որ վերջնական համաձայնագրի ստորագրումից առաջ փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրությունում։

Գործակալությունը հիշեցրել է, որ ԼՂ տարածաշրջանն ուներ փաստացի անկախություն և երեք տասնամյակ կառավարվում էր էթնիկ հայերի կողմից, նախքան Ադրբեջանի կողմից 2023-ին գրավելը։ Արցախի ավելի քան 100,000 բնակչության մեծ մասը փախավ Հայաստան։

Երկարատև խաղաղությունը կարող է վերաբացել առևտրային և տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում՝ ամրապնդելով Ասիայի և Եվրոպայի միջև կապերը՝ միաժամանակ վերաձևավորելով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարածաշրջանային ազդեցությունը։ Հաջիևը գովաբանել է երկրների առաջընթացը դեպի խաղաղություն, այդ թվում՝ ուղիղ շփումների և երկկողմ առևտրի աճը։

«Մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղությունը պարզապես թղթի վրա գրված կամ հռչակագրում պարունակվող բան չէ, այլ՝ իրականություն», – նշել է նա հարցազրույցում՝ մատնանշելով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան մատակարարումների աճը։

Չնայած առաջընթացին՝ Բաքուն պահպանել է իր դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։

«Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես վերացվեն՝ նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»,- հայտարարել է Հաջիևը։

Նրա խոսքով՝ միայն Սահմանադրության նախագծի հրապարակումը բավարար չէ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից «լուրջ և դրական ազդանշաններ» է ստացել, որ տարածաշրջանում Վաշինգտոնի կողմից աջակցվող տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքները կարող են սկսվել այս աշնանը։

Մեր դիրքորոշումն այն է, որ TRIPP-ը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ», – նշել է Հաջիևը։

Նրա խոսքով՝ հարավ-արևմտյան Զանգիլանի շրջան ձգվող ենթակառուցվածքների մեծ մասը կավարտվի մինչև 2026 թվականի վերջը, որից հետո այն կարող է միացվել Հայաստանի և Թուրքիայի նախատեսված ենթակառուցվածքներին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026