ABCMEDIA
Կիևին թույլ չեն տալիս բանակցել. Լոնդոնում Ռուսաստանի դեսպանություն

Կիևին թույլ չեն տալիս բանակցել. Լոնդոնում Ռուսաստանի դեսպանություն

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությունը  անդրադարձել է բրիտանա-ուկրաինական համագործակցության մասին նոր համաձայնագրի ստորագրմանը և հայտարարել , որ Կիևին այդկերպ բանակցային ճանապարհով հակամարտությունից դուրս գալու հնարավորություն չեն թողնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Լոնդոնը շարունակում է այդ երկիրը դիտարկել որպես Ռուսաստանի դեմ ուղղված աշխարհաքաղաքական գործիք։ Կիևում ստորագրված բրիտանա-ուկրաինական համաձայնագիրը վկայում է, որ Ուկրաինային բանակցային ճանապարհով հակամարտությունից դուրս գալու հնարավորություն չեն թողնում՝ նրան «մանրադրամ» դարձնելով Եվրասիայում անգլոսաքսերի արկածախնդրությունների համար»,-ասված է դիվանագիտական առաքելության մեկնաբանության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երեկ այցելել է Կիև և հայտարարել, որ 2024 թվականին Ուկրաինային 2,5 միլիարդ ֆունտ (3,2 միլիարդ դոլար) է հատկացվելու։ Այնուհետև նա Վլադիմիր Զելենսկու հետ անվտանգության ոլորտում համագործակցելու համաձայնագիր է ստորագրել (10 տարի ժամկետով)։

«Այս անգամ Ռիշի Սունակը խոստացել է ավելի շատ միջոցներ հատկացնել մահաբեր սպառազինություն, այդ թվում` հեռահար հրթիռներ ու հարվածային ԱԹՍ–ներ ձեռք բերելու համար։ Այդ մատակարարումները չեն փոխի ուժերի ընդհանուր հարաբերակցությունը և Ուկրաինայի համար աղետալի հակամարտության ելքը։ Փոխարենը կնպաստեն ռազմական գործողությունների ձգձգմանն ու խստացմանը, իսկ դա նշանակում է, որ կհանգեցնեն նոր զոհերի։ Սրա ֆոնին կեղծ են բրիտանական ղեկավարության «կոկորդիլոսի արցունքները» Ուկրաինայի կործանված ապագայի համար»,- հայտարարել է Ռուսաստանի դեսպանությունը։