
Ադրբեջանը գնում է ՀՀ-ի և Ուկրաինայի ճանապարհով․ Պետդումայի պատգամավոր
Ադրբեջանը մտադիր է գնալ Հայաստանի ճանապարհով, սակայն Ռուսաստանից հեռանալը և Եվրոպային մերձենալը երբեք ոչ մեկին հաջողություն չի բերել։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն ձգտում է ռազմավարական երկխոսություն սկսել Գերմանիայի հետ, որը երկու երկրների միջև հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի։ Նա նշել է, որ ադրբեջանա-գերմանական հարաբերությունները կնպաստեն համագործակցությանը, խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում։
«Բաքուն մտադիր է գնալ Երևանի ճանապարհով։ Ես նշում եմ, որ Ռուսաստանից հեռանալը և Եվրոպային մերձենալը երբեք ոչ մեկին հաջողություն չի բերել։
Ընդհակառակը, ինչպես ցույց է տալիս փորձը, նման որոշումը հանգեցնում է տնտեսական և քաղաքական խնդիրների։ Հայաստանն արդեն պայքարում է այն դժվարությունների դեմ, որոնք առաջացել են Ռուսաստանի հետ հուսալի, ամուր և խոստումնալից կապերի խզումից։ Ափսոս, որ Ադրբեջանը չի սովորում Ուկրաինայի և Հայաստանի սխալներից», – հայտարարել է Տոլմաչովը։
Խորհրդարանականը շեշտել է, որ եվրոպական երկրների հետ գործընկերության մեջ «ոչ մի վատ բան չկա», բայց խնդիրն այն է, որ «նոր ընկերները» Ռուսաստանի հետ կապերի խզումը դարձնում են իրենց գլխավոր պայմանը։
«Եվ սա միայն տնտեսական կողմի մասին չէ, այլև մշակութային, հոգևոր և պատմական կապի», – հավելել է Տոլմաչովը։
Հուլիսի 21-ին Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Բեռլին, որտեղ հանդիպել է երկրի նախագահի և կանցլերի հետ։


