
Ֆրանսիայում որոշ պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից թմրանյութերի թեստ հանձնելուց հետո
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրամայել է կասեցնել մի քանի պաշտոնյաների աշխատանքը, որոնց մոտ թմրանյութերի թեստի դրական արդյունք է արձանագրվել. հաղորդում է Paris Match-ը։
Նա չի պարզաբանել, թե քանի պետական ծառայողի աշխատանքն է կասեցվել կամ որ գերատեսչություններից են նրանք։
Վարչապետը խոստացել է, որ պաշտոնյաների թմրանյութերի թեստավորումը կշարունակվի և հույս է հայտնել, որ հաջորդ վարչապետը նույնպես կշարունակի այս հարցը։
«Նախարարական աշխատակազմի անդամները և բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը հասանելիություն ունեն խիստ գաղտնի տեղեկությունների։ Թմրանյութերի օգտագործումը նշանակում է խոցելի լինել», – ընդգծել է նա։
Le Parisien թերթը առաջին անգամ հունիսի կեսերին հաղորդել է պետական ծառայողների պարտադիր թմրանյութերի թեստավորման մասին։ Թերթի տվյալներով՝ Լեկորնյուն նախարարներին հանձնարարել է անցկացնել իրենց գերատեսչությունների աշխատակիցների անհապաղ աուդիտներ, մինչդեռ նման թեստերն արդեն անցկացվել էին վարչապետի գրասենյակում՝ այս ամսվա սկզբին։ Նախարարություններից բացի աուդիտները պետք է ընդգրկեին նաև նախարարների խորհրդի կողմից նշանակված բոլոր պաշտոնյաներին։ Սակայն կառավարությունը հայտարարել է, որ չի հրապարակի արդյունքները՝ հղում անելով պաշտոնյաների անձնական կյանքի պաշտպանությանը։
Ըստ Le Monde-ի՝ լայնածավալ աուդիտներից առաջ էլ այս տարվա սկզբին մի քանի պաշտոնյաների աշխատանքը կասեցվել էր, այդ թվում՝ Լեկորնյուի խորհրդականներից մեկինը։ Երկրորդ հայտնի դեպքը վերաբերում է Իլ դը Ֆրանս շրջանի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի, ով կարճատև ընդմիջումից հետո նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության պետական ֆինանսների գլխավոր վարչությունում։


