
Արագածոտնում 20 և 25-ամյա եղբայրները դաժանորեն սպանել են մորն ու մարմինը թաքցրել տան մոտ գտնվող կիսակառույցում՝ հողի տակ
Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․Մ․-ի անհետ կորչելու մասին․ հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
«Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․Մ․-ին։
Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։
Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։
25-ամյա և 20-ամյա երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։


