
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը խորհուրդ է տվել դադարեցնել Հորմուզի ռմբակոծությունը
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը Պենտագոնին և Սպիտակ տանը խորհուրդ է տվել դադարեցնել Իրանի դեմ հարվածները Հորմուզի նեղուցում, քանի որ դրանց արդյունավետությունը սպառվել է։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական հրամանատարի դիրքորոշմանը ծանոթ երկու աղբյուրների։
Նրանց խոսքով՝ Քուփերի առաջարկությունն, ինչպես նաև ռազմական գործողության սահմանափակ հնարավորությունների վերաբերյալ այլ խորհրդականների կարծիքներն, ազդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ հարվածները դադարեցնելու որոշման վրա։
Նախորդ օրը Թրամփը զինծառայողներին հրահանգել է դադարեցնել կրակը և չհարձակվել երկրի հարավային ափի և Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախների վրա։ Որոշումը կայացվել է ավագ խորհրդականների և ռազմական պաշտոնյաների հետ հանդիպումից հետո։
Աղբյուրները նշել են, որ հանդիպմանը նախորդող օրերին նախագահը հակված էր վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը, սակայն նրա դիրքորոշումը հետագայում փոխվել է։
Քուփերը նախկինում Պենտագոնին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահին և Սպիտակ տանը հայտնել էր, որ երկու շաբաթ տևած հարվածները զգալիորեն նվազեցրել են Իրանի նավագնացության վրա հարձակվելու կարողությունը:
Ծովակալի խոսքով՝ հաջորդ հնարավոր քայլը կարող է լինել լայնածավալ գործողության վերսկսումը՝ ԱՄՆ զինված ուժերի կողմից ընտրված, բայց «Էպիկական ցասում» գործողության ընթացքում հարձակման չենթարկված թիրախների մոտ 20%-ը ոչնչացնելու համար: Քուփերը, սակայն, ընդգծել է, որ շարունակական հարվածները անիմաստ կլինեն, եթե որոշում կայացվի կանխելու հետագա էսկալացիան։
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը նաև զգուշացրել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և Թրամփին հակաօդային պաշտպանության համակարգերի համար խափանող հրթիռների հնարավոր պակասի մասին: Նա գնահատել է, որ դա կարող է բարդացնել ԱՄՆ ուժերի և տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների պաշտպանությունը։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփը բաց է պահում բոլոր տարբերակները՝ միաժամանակ Իրանի հետ բանակցությունների տարածք բացելով: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում։


