
Ոչխարների սպանդ՝ Ապարանում․ գայլերի ոհմակը սատկացրել է 35 կաթնասունի
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 07:00-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Ջրամբար բնակավայրում ապրող բնակիչը առավոտյան հերթական անգամ մոտենում է իրեն պատկանող անասնագոմ, որպեսզի գառներին կեր տա, և անակնկալի է գալիս։
Պարզվում է, որ գայլերի ոհմակը գոմում եղած գառների մեծ մասին, հիմնականում մայրացուներ, հոշոտել է. 35-ից ավելին սատկել են, իսկ մոտ 30-ն էլ վիրավոր են, և հույս չկա, որ կապրեն։
Տուժած ընտանիքի անդամները դիմել են ոստիկանության Ապարանի բաժին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին.
«Մեր գյուղի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ գայլերի ոհմակը նման սպանդ իրականացնի։ Եղել են դեպքեր, անգամ վերջերս, որ արջն է իր սև գործն արել։ Այս գյուղը նաև հայտնի է, որ շատ հաճախ արջերը մտնում կամ մեղվի փեթակներ են ավերում, կամ ոչխարներ հոշոտում, բայց որ գայլը մտներ, երբևէ մեր մտքով էլ չէր անցել։
Հիմա խնդրանքով ուզում ենք դիմել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, որպեսզի հնարավորության դեպքում այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն։ Ընտանիքը բազմազավակ է, 4 անչափահաս կա, և իրենց հանապազօրյա հացը վաստակում էին արդար քրտինքով՝ գառներ պահելով»,- նշում է լրատվամիջոցը։


