
Ֆրանսիան ու Գերմանիան խոշոր համաձայնագիր են պատրաստում՝ ԵՄ ավտոարդյունաբերությունը «վերակենդանացնելու» համար. Politico
Ֆրանսիան ու Գերմանիան աշխատում են խոշոր համաձայնագրի վրա, որը նպատակ ունի ամրապնդել Եվրոպայի արդյունաբերական պաշտպանությունը և վերակենդանացնել ԵՄ ավտոմոբիլային արդյունաբերությունը։
Ըստ Politico-ի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանձնարարել են իրենց կառավարություններին մշակել մի համաձայնագիր, որը կմիավորի երկու երկրների արդյունաբերական ռազմավարությունները։
Բեռլինը, ինչպես սպասվում է, կաջակցի Փարիզի առաջ քաշած «Արտադրված է Եվրոպայում» նախաձեռնության համար ավելի խիստ դրույթներ սահմանելուն։ Սա, ըստ աղբյուրի, կսահմանափակի «վստահելի գործընկեր» կարգավիճակի համար իրավասու երկրների թիվը:
Փոխարենը՝ Ֆրանսիան կհամաձայնի թուլացնել 2035 թվականից ԵՄ-ի նախատեսած ներքին այրման շարժիչով նոր մեքենաների փուլային հրաժարումը, ինչպես պահանջում է Բեռլինը։
Ըստ աղբյուրների՝ համաձայնագրի անհրաժեշտությունը հատկապես հրատապ է դարձել Volkswagen-ի կողմից ամբողջ աշխարհում 100․000 աշխատատեղի հնարավոր կորստի մասին նախազգուշացումից հետո։
«Մեզ հանձնարարվել է մշակել համապարփակ համաձայնագիր այս հարցերի շուրջ», – Politico-ին հայտնել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Սեբաստիան Մարտենը։
«Հրաշալի կլիներ այս աշնանը համաձայնագիր կնքել։ Վստահ եմ, որ մենք կարող ենք ներգրավել այլ երկրների, ինչպիսին է Իտալիան։ Բոլոր երկրները սպասում են ֆրանս-գերմանական համաձայնագրին», – նշել է նա:
Հրապարակման աղբյուրներն ընդգծում են, որ բանակցությունները գտնվում են վաղ փուլում, և համաձայնագրի վերջնական պայմանները դեռևս չեն հաստատվել։ Մարտենի խոսքով՝ փաստաթղթի վրա աշխատանքները կշարունակվեն ամբողջ ամռան ընթացքում։
Ակնկալվում է, որ համաձայնագիրը կարող է պատրաստ լինել սեպտեմբերի 24-ին կայանալիք ԵՄ արդյունաբերության նախարարների հանդիպմանը և հոկտեմբերի 15-16-ին կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին։


