
Wildberries-ը սկսել է Ղազախստանում ազատ պահեստներ փնտրել․ «КоммерсантЪ»
Wildberries-ը Ղազախստանում պահեստային տարածք է փնտրում՝ Ռուսաստանում իր լոգիստիկ կենտրոնների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին․ գրում է «КоммерсантЪ»-ը՝ հղում անելով անշարժ գույքի շուկայի 4 աղբյուրի։
Աղբյուրները նշում են, որ շուկան ձգտում է պաշտպանել իր որոշ օբյեկտներ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։
Թերթի աղբյուրներից մեկի համաձայն՝ որոնումները ներառում են 100․000 քմ տարածք։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ Wildberries-ը պատրաստ է զբաղեցնել Ղազախստանում առկա բոլոր պահեստները։
Russ/Wildberries (RWB) համատեղ խմբի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ընկերությունն իրականացնում է լոգիստիկ օբյեկտներ կառուցելու պլանային աշխատանքներ այն երկրներում, որտեղ գործում է։ Ալմաթիում ընթանում է ավելի քան 100․000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող օբյեկտի շինարարություն, իսկ Աստանայում՝ 160․000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող մեկ այլ օբյեկտի։
Ընկերությունը հավելել է, որ բոլոր կազմակերպչական ջանքերն այժմ կենտրոնացած են տարբեր պահեստներում ապրանքների վերաբաշխման վրա։
Թերթի անշարժ գույքի շուկայի աղբյուրները հայտնել են, որ Wildberries-ը շարունակում է նոր պահեստներ փնտրել Ռուսաստանում, սակայն Ռուսաստանում առկա պահեստների սեփականատերերը ներկայում չեն ցանկանում Wildberries-ի հետ նոր վարձակալության պայմանագրեր կնքել՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի պատճառով։
Հուլիսի 18-ից ի վեր Ուկրաինան թիրախավորում է Wildberries-ի լոգիստիկ կենտրոններն ու պահեստները։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումների են ենթարկվել Մոսկվայի, Տամբովի, Կրասնոդարի, Ստավրոպոլի, Լենինգրադի, Սանկտ Պետերբուրգի, Վորոնեժի, Ռյազանի և Ղրիմի պահեստները։


