
Այն միտքը, որ առանց Հայաստանի ԵԱՏՄ չի լինի, մեղմ ասած, չափազանցություն է․ ՌԴ տնտեսական զարգացման նախարար
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը դժվարություններ չի ստեղծի Ռուսաստանի համար։ «Այնուամենայնիվ, եթե գնահատենք այս մատակարարումները Միության մյուս երկրների շուկաների վրա դրանց տնտեսական ազդեցության տեսանկյունից, դրանց նշանակությունը չի կարող նշանակալի համարվել։ Ռուսաստանի և աշխարհի միջև առևտրի ընդհանուր շրջանառության մեջ Հայաստանի բաժինը չի գերազանցում 0.9%-ը։ ԵԱՏՄ մյուս երկրների համար այս ցուցանիշն ավելի ցածր է (Բելառուսի համար՝ 0.3%, Ղազախստանի համար՝ 0.05%, Ղրղզստանի համար՝ 0.02%)։ Մեզ համար դժվար չի լինի փոխարինել հայկական մատակարարումները», – լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններին այլընտրանք է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով։
«Հարավկովկասյան երկաթուղու մասին ՀՀ վարչապետի հայտարարություններն առիթ են հիշեցնելու այն նշանակալի առավելությունների մասին, որոնք երկրի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին ընդհանուր առմամբ և Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի միջոցով», – նշել է նախարարը և հավելել, որ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանող հայկական ապրանքներն անարգել մուտք են ստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներ։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում (2015-ից մինչև 2025 թվականը) հայկական արտահանումը Միության երկրներ աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 միլիոն դոլարից հասնելով 3.2 միլիարդ դոլարի։ Հայկական ավանդական արտահանման ավելի քան 80%-ը՝ սննդամթերք, գյուղատնտեսական արտադրանք և ալկոհոլ, առաքվում է ԵԱՏՄ երկրներ։ Միությանն ինտեգրումը պաշտպանում է հայ արտադրողներին. որակի և լոգիստիկայի միասնական պահանջների շնորհիվ՝ այս ապրանքները շարունակում են պահանջարկ ունենալ Միության ներսում։ Չնայած այլընտրանքային շուկաներ մուտք գործելը պահանջում է արտադրական շղթաների երկարատև վերակառուցում և կրում է բարձր առևտրային ռիսկեր, նա հավելել է, որ ԵԱՏՄ-ն ոչ միայն վաճառքի հիմնական շուկա է, այլև՝ հայկական տնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների հիմնական մատակարարը։ «Միության ընդհանուր գազի շուկայի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177.5 դոլարով հազար խորանարդ մետրի համար», – նշել է նախարարը։
«Եվ եթե համեմատեք գինը ներկայիս «եվրոպական» գազի գների հետ, որոնք ներկայումս գերազանցում են 600 դոլարը հազար խորանարդ մետրի համար, ապա դա այլ կերպ, քան սուբսիդիա, չի կարելի անվանել։ Այս գումարը կազմում է տարեկան մոտ 1 միլիարդ դոլար։ Հավանական չէ, որ Միությունից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին նման պայմաններ առաջարկել», – ընդգծեցլ է Ռեշետնիկովը։
Տնտեսական զարգացման նախարարությունը հավելել է, որ, փորձագիտական գնահատականների համաձայն, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ շուկա մուտքը որպես լիիրավ անդամ, նրա արտահանումը Միության երկրներ կնվազի ավելի քան 60%-ով (3,2 միլիարդ դոլարից մինչև 2 միլիարդ դոլար)։ Սա տեղի կունենա մաքսային և այլ տեսակի սահմանային վերահսկողության վերականգնման, ապրանքների համար հայկական փաստաթղթերի ավտոմատ ճանաչման դադարեցման և լոգիստիկ ծախսերի աճի շնորհիվ։ Իսկ գազի մաքսատուրքերի (30%) նվազեցման շնորհիվ՝ Հայաստանը տարեկան խնայում է 120 միլիոն դոլար։


