
Նոր գումարման խորհրդարան՝ նոր ու հին դեմքերով
ԱԺ 9-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Խորհրդարանում չեն լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, որոնց բացակայությունը, Գագիկ Ծառուկյանի կարծիքով, զգալու են շատերը։
Նոր խորհրդարանում չի լինի նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Նախորդ գումարման խորհրդարանը տեսավ Արցախի վերջին պատերազմն ու բռնազավթումը, սահմանազատումը՝ Տավուշում։ Եղան հարյուրավոր բանավոր հարց ու ելույթներ, օրենսդրական նախաձեռնություններ, հայտարարության նախագծեր, 160-ից ավելի գործուղում։ Բացի այդ՝ 600 միլիոն դրամից ավելի պարգևավճար ստացան պատգամավորները․ իսկ ընտրողները դրանից բացի տեսան սկանդալներ, հայհոյանքներ, վեճեր։
Խորհրդարանի նախկին դեմքերից շատերը իրենց տեղում են՝ նոր պաշտոններով։ Օրինակ՝ ՔՊ-ականներից Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահի թեկնածու է, Վահագն Ալեքսանյանը՝ փոխնախագահի։ ԱԺ-ում ՔՊ-ականների աթոռներին կլինեն Նազելի Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակը, Արայիկ Հարությունյանը՝ Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավարը, Վիլեն Գաբրիելյանը, որ 8-րդ գումարման պատգամավորի մանդատից զրկվել էր Գյումրիում սկանդալային միջադեպից հետո։
Ընդդիմադիր «Հայաստան» կուսակցությունների դաշինքը 8-րդ գումարման խորհրդարանում 28 պատգամավոր ուներ, 9-րդին՝ 16-ով պակաս։ Երկու նոր անուն ունի դաշինքը․ Սևակ Խաչատրյանն ու Մեսրոպ Մանուկյանը։
Ընդդիմադիր ուժերի շարքում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն է որպես նոր ուժ նոր դեմքերով; Կուսակցության երկրորդ համար Արամ Վարդևանյանն է նախկինում խորհրդարանում պատգամավոր եղել «Հայաստան» խմբակցության ցուցակով։
Ի տարբերություն նախորդ գումարմանը՝ ՔՊ-ն խորհրդարանում չունի Սահմանադրական մեծամասնություն։


