
Լոնդոնում մեկ ամիս անձրև չի եկել․ մեկուկես դարում նման բան առաջին անգամ է տեղի ունեցել
Լոնդոնի Քյուի Թագավորական բուսաբանական այգում, որտեղ 1871 թվականից գործում է օդերևութաբանական կայան, առաջին անգամ 155 տարվա դիտարկումների պատմության ընթացքում արձանագրվել է մի ամբողջ օրացուցային ամիս՝ առանց որևէ տեղումների․ Facebook-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ավելի վաղ Mirror-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի Ֆերմերների ազգային միությանը (NFU), հայտնել էր, որ աննախադեպ շոգի և դրա հետևանքով առաջացած երաշտի պատճառով, երկիրը կարող է բախվել պարենային մթերքների պակասի վտանգի։
Հուլիսի վերջին Անգլիայում վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն չորրորդ անգամ հաստատվել է անոմալ շոգ։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը երաշտ է հայտարարել Անգլիայի տարածքի գրեթե կեսում։
Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրի հարավարևելյան հատվածում գրանցվել է վերջին 30 տարվա ամենաերկար անընդմեջ ժամանակահատվածը առանց տեղումների։
Հիշեցնենք, որ հունիսին Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը գերազանցել էր +37°C՝ սահմանելով նոր ռեկորդ։ Իսկ Լիդսի համալսարանի օդերևութաբանության պրոֆեսոր Դուգլաս Փարքերի գնահատմամբ՝ կլիմայի փոփոխության հետևանքով առաջիկա 25 տարիների ընթացքում + 40°C ամառային շոգը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի համար սովորական երևույթ»,- նշել է նա։


