
Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին Գյումրիում վնասներ են պատճառել․ ջրալցվել են նկուղներ ու բակեր
Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն. հայտնում է Փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։
Փրկարարները, օպերատիվ արձագանքելով բոլոր դեպքերին, իրականացրել են տարածքների սահմանազատման, մոտոպոմպերի միջոցով նկուղներից, բակային հատվածներից ջրահեռացման (ընդհանուր մոտ 85 խմ), ինչպես նաև կոտրված ճյուղերի մասնատման և հեռացման աշխատանքներ»,- ասված է հայտարարության մեջ։


