24 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն Արցախի համար աղոթելը «պատերազմի քարոզչություն» է համարում

Փաշինյանն Արցախի համար աղոթելը «պատերազմի քարոզչություն» է համարում

ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցրած քննադատությունը կրկին բուռն արձագանքի արժանացավ։ Երբ Փաշինյանը խոսեց Կաթողիկոսի մասին՝  նրան դիմելով աշխարհիկ անունով, ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին։

«Ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ և անմահ պատարագների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այսպիսով Եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նման կոչերից հետո խաղաղության համար Աստծուն աղաչելը հակասական է։

«Պատերազմի կոչ անելով՝ Աստծուն պետք չէ աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել, պետք է ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար»,- ասաց նա:

Փաշինյանը շարունակեց՝ նշելով, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում Հայ առաքելական եկեղեցում առաջացած, իր ձևակերպմամբ, «խոր համակարգային ճգնաժամի» վերաբերյալ։

«Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցում առաջացած խոր համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանից Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,– հայտարարեց նա։

Այս ձևակերպմանը ևս ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին՝ հարվածելով սեղաններին։

Ռուբեն Ռուբինյանը կրկին միջամտեց՝ այս անգամ արդեն գնահատական տալով Կաթողիկոսի գործունեությանը։

«Հարգելի գործընկերներ, բայց ինչ հետաքրքիր է, չէ, ինչպես վատ պետք է անես քո գործը, որ զբաղեցնես մի գահ, որը կոչվում է Ամենայն Հայոց, բայց ամեն անգամ, երբ քո անունը հնչի, պառակտում մտնի ամեն տեղ։ Ավելի լավ գնահատական քո վատ աշխատանքին հնարավոր չէ տալ։ Շարունակեք, պարոն վարչապետ»,- ասաց ԱԺ նախագահը։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» օրակարգն ընդգրկված է Կառավարության գործունեության ծրագրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ