
Ո՞վ է Ձեզ իրավունք տվել կործանելու հայկական պետականությունը և համարակալելու մեր պետությունը․ հարց՝ Փաշինյանին
ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև սուր բանավեճ ծավալվեց։ Ղազարյանը Փաշինյանին մեղադրեց երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված քաղաքականություն իրականացնելու համար՝ հայտարարելով, որ վարչապետը խորհրդարան գալու փոխարեն՝ պետք է ներկայանա Քննչական կոմիտե։
«Ձեր ծրագիրը, հնչեցրած մտքերը, դատողությունները երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի տապալման մի համալիր ամբողջություն է»,- հայտարարեց Ղազարյանը։
Նա Փաշինյանից պահանջեց նաև նշել, թե Սահմանադրության կամ օրենքի որ դրույթն է իրեն իրավունք տալիս խոսել «Երրորդ Հանրապետությունը տապալելու» և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու մասին, ինչպես նաև միջամտել Հայ առաքելական եկեղեցու ներքին կանոնական հարցերին։
Փաշինյանը հարցին պատասխանեց՝ նախ անդրադառնալով հենց Ղազարյանի՝ խորհրդարանում զբաղեցրած տեղին։
«Եթե շփոթվածության մասին խոսենք, կարծում եմ՝ Ձեր մասին պիտի խոսենք, որովհետև, ինչքան հասկացա, դեռ չեք կողմնորոշվել դահլիճի ո՞ր հատվածում պետք է նստեք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե ընդդիմության ներկայացուցիչն այս տեմպերով շարունակի, հաջորդ անգամ վարչապետի այցի ժամանակ կարող է արդեն միջանցքում նստած լինել։
Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ իր քաղաքական գործունեության համար հիմք է ընտրություններից ստացած մանդատը։
«Ինչ վերաբերում է՝ ինչին, ով, որտեղ, երբ է իրավունք տալիս, դա մեր նախընտրական ծրագիրն է և ժողովրդից ստացած մանդատը։ Եվ մենք քաղաքական խոսույթներ ենք զարգացնում, որոնց նպատակը մեր պետության հարատևությունն ապահովելն է»,- ասաց նա։
Ղազարյանը նշեց, որ Փաշինյանը չի պատասխանել իր հարցին, և կրկին պահանջեց նշել այն իրավական հիմքը, որով Կառավարությունը «համարակալում» է Հայաստանի Հանրապետությունը։
«Ո՞վ է Ձեզ իրավունք տվել կործանելու հայկական պետականությունը, և ո՞վ է իրավունք տվել Ձեզ համարակալելու մեր պետությունը, որը համար չունի, այլ ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը վարչապետին լիազորում է սահմանել Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները։
Միաժամանակ նա հակադարձեց «Երրորդ Հանրապետություն» ձևակերպման վերաբերյալ քննադատությանը՝ հիշեցնելով, որ այդ ձևակերպումն օգտագործվել է նաև նախկին իշխանությունների և քաղաքական ուժերի կողմից։
«Եթե որևէ քաղաքական կուսակցություն կամ որևէ պատգամավոր ունի իրավունք Հայաստանի Հանրապետությունը Երրորդ Հանրապետություն անվանել, առավել ևս վարչապետը և կառավարող մեծամասնությունը, որը ժողովրդից մանդատ է ստացել, իրավունք ունի Չորրորդ Հանրապետություն անվանել»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Երրորդ Հանրապետություն» և «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպումները քաղաքական խոսույթի մաս են։
«Սա այն դեպքն է, որ ասում է՝ ձեր աչքի գերանը չեք տեսնում, ուրիշի աչքի փուշն եք տեսնում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե «Երրորդ Հանրապետություն» ձևակերպման իրավական հիմքը պարզաբանվի, ինքն էլ կօգտագործի այդ ձևակերպումը։


