25 Օգս
2026
34° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
LEGO-ի վաճառքների ծավալն աճել է՝ Ֆոտբոլի աշխարհի առաջնության թեմայով արտադրանքի շնորհիվ

LEGO-ի վաճառքների ծավալն աճել է՝ Ֆոտբոլի աշխարհի առաջնության թեմայով արտադրանքի շնորհիվ

Խաղալիք արտադրող դանիական LEGO ընկերությունը հայտնել է, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության և «Ֆորմուլա 1»-ի թեմատիկայով հավաքածուների շնորհիվ տարվա առաջին կեսին իր վաճառքների ծավալն աճել է 21%-ով․ գրում է Reuters գործակալությունը։

Ընկերությունը մեծացրել է իր մասնաբաժինը շուկայում՝ աճի տեմպերով գերազանցելով Mattel-ի և Hasbro-ի նման մրցակից ընկերություններին։ Ընկերության աճին նպաստել է ֆիլմերի և զվարճանքի ոլորտի հայտնի ֆրանշիզների հետ համագործակցությունը, ինչպես նաև, երեխաներից բացի, մեծահասակների համար նախատեսված մեծ թվով հավաքածուներ թողարկելու ռազմավարությունը։

Այս տարվա առաջին կեսին LEGO-ի եկամուտը կազմել է 41․9 միլիարդ դանիական կրոն (6․54 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա առաջին կեսի 34․6 միլիարդ կրոնի համեմատ։ Ընկերության մաքուր շահույթն աճել է 32%-ով՝ հասնելով 8․6 միլիարդ դանիական կրոնի։

LEGO-ն տարվա առաջին կեսին թողարկել է ավելի քան 330 նոր հավաքածու, այդ թվում՝ 199․99 դոլար արժողությամբ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի կրկնօրինակը, նոր ինտերակտիվ աղյուսիկներով Pokémon-ի հավաքածուները, ինչպես նաև K-Pop Demon Hunters-ի հավաքածուները։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ աճը բարձրացրել է այն պլաստիկի գինը, որն ընկերությունն օգտագործում է աղյուսիկների արտադրության համար։ LEGO-ի գործադիր տնօրեն Նիլս Քրիստիանսենը նշել է, որ ընկերությունը կարող է այդ գնաճի ազդեցությունը զգալ տարվա երկրորդ կեսին, սակայն մինչ այժմ այն էական չի եղել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ