
Ո՞վ է ԱՄՆ պատմության մեջ լավագույն նախագահը․ Թրամփի կարծիքով՝ հենց ինքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում ներկայացրել է Միացյալ Նահանգների լավագույն նախագահների վարկանիշային աղյուսակ, որը ո՛չ Ջորջ Վաշինգտոնն է գլխավորում, ո՛չ էլ Աբրահամ Լինքոլնը․ այն գլխավորում է հենց ինքը՝ Դոնալդ Թրամփը․ գրում է The Independent-ը։
ԱՄՆ նախագահն արել է հրապարակումն՝ արձագանքելով CNN-ի վերջին հարցմանը, որի համաձայն՝ Հանրապետական կուսակցության ընտրողների 53 տոկոսը Թրամփին համարում է կուսակցության պատմության մեջ այն նախագահը, որով նրանք ամենաշատն են հիանում։
Պատմաբանները և փորձագետները, սակայն, Թրամփի կազմած վարկանիշային աղյուսակում մի շարք տարօրինակություններ են նկատել, այդ թվում՝ այն, որ նա վերջին տարիներին կառավարած հանրապետական նախագահներին ընդհանրապես չի ներառել ցուցակում։
«Թրամփը, կարծես, չի կողմնորոշվել՝ Ռոնալդ Ռեյգանին ու Ջորջ Բուշ կրտսերին ինչ տեղ հատկացնի նախագահների վարկանիշային աղյուսակում», – X-ում գրել է պատմաբան Քրիստոֆեր Վ. Ջոնսը։
«Թրամփի՝ «մեծագույն» նախագահների մասին այս հիմար վարկանիշային աղյուսակը 1948 թվականին Life Magazine-ում հրապարակված աղյուսակն է, որի վերևում նա պարզապես իր անունն է ավելացրել, իսկ ներքևում՝ իր չսիրած դեմոկրատների անունները», – X-ում գրել է դավադրության տեսությունների փորձագետ Մայք Ռոթշիլդը։
Նշվում է, որ Թրամփը կարող է իրեն լավագույն նախագահ համարել, սակայն պատմաբաններն ու փորձագետները, որպես կանոն, համաձայն չեն այդ գնահատականի հետ։
Ջորջթաունի համալսարանի քաղաքագետ Մայքլ Բեյլին վերջերս The New York Times-ի հետ զրույցում ասել է, որ Թրամփը «միանշանակ ԱՄՆ պատմության վատագույն նախագահն է»։
Այս պահին ամերիկացիների մեծամասնությունը նույնպես բացասական է գնահատում Թրամփի գործունեությունը․ նրա վարկանիշը նախորդ շաբաթ հասել է պատմական նվազագույնի․ Թրամփին աջակցում է ամերիկացիների մեկ երրորդը։



