
Նեպալում ավերիչ ջրհեղեղի հետևանքով մոտ 1000 մարդ է մահացել
Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից օրեր անց փրկարարները ժամանակավոր կամուրջներ են կառուցել հեռավոր շրջաններ հասնելու համար և փորել Հիմալայներում հիդրոէլեկտրակայանների նախագծերի ավերակները՝ փրկելու փլատակների տակ մնացած մոտ 300 աշխատողի․ հայտնում է Reuters-ը։
Մոտ 600 մարդ դեռևս գտնվում է մի քանի ավերված հիդրոէլեկտրակայանների փլատակների տակ։ Վարչապետ Բալենդրա Շահը հայտարարել է, որ տուժած տարածաշրջանում ավելի քան 11․000 մարդ է փրկվել, և որոշ շրջաններում վերականգնվել են էլեկտրաէներգիայի և կապի գծերը։
Ավերածությունների հետևանքով զոհվել է առնվազն 939 մարդ։
«Հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց տները, ընտանիքները, սիրելիներին և ունեցվածքը», – գրել է վարչապետը։
Նրա խոսքով՝ փրկարարական խմբերին հաջողվել է վերականգնել Նուվակոտ տանող ճանապարհային ցանցերը, որն ամենաշատ տուժած շրջաններից է՝ նպաստելով փրկարարական գործողություններին և օգնության բաշխմանը։
Պաշտոնյայի խոսքով՝ աղետից հետո երկիր է հոսել ավելի քան 42 միլիոն դոլարի օգնություն, և կառավարությունն ակնկալում է, որ նվիրատվությունները կավելանան։ Հարևան Հնդկաստանն ու Չինաստանը, որոնց միջև է գտնվում Նեպալը, օգնում են փրկարարական աշխատանքներին։
Շահը նշել է, որ աղետալի դեպքն ազդարարում է Հիմալայան տարածաշրջանի առջև ծառացած ռիսկերի մասին։
«Հետևաբար, տարածաշրջանը պետք է զգոն լինի։ Ժամանակն է, որ մենք միջազգային հանրության առաջ բարձրաձայնենք կլիմայի փոփոխության հետևանքով մեր կրած աղետների մասին», – նշել է Շահն իր գրառման մեջ։


