
Տաքսի՞, թե՞ չվերահսկվող ուղևորափոխադրում․ ովքեր են Երևանի փողոցներում «տաքսի» նշանով աշխատողները
Երևանի տարբեր հասցեներում կանգնում են «տաքսի» նշանով մեքենաներ, վերցնում ուղևորների ու ճանապարհ ընկնում։ Սակայն պարզ հարցի՝ լիցենզավորված են արդյոք այդ մեքենաները, ուղևորները հաճախ հստակ պատասխան չեն ստանում։ Այս մեքենաների վարորդներից ոմանք անգամ չեն թաքցնում, որ որևէ ընկերության հետ չեն աշխատում և լիցենզիա չունեն։
«-Իսկ ինչ-որ ընկերության համար աշխատո՞ւմ եք։
-Ոչ, ոչ մեկի համար։
-Լիցենզիա ունե՞ք։
-Ոչ»։
Բայց եթե վարորդը տաքսի ընկերությունում չի աշխատում, լիցենզավորված չէ, ինչպե՞ս է գտնում ուղևորներին․ համացանցում, հեռախոսազանգերով և իհարկե փողոցում կանգնելով։
Այսպես աշխատող վարորդների գործունեության վերահսկողության հարցն ավելի է սրվել սեպտեմբերի 2-ին Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո։ Սոցիալական ցանցերում կրկին ակտիվ քննարկվում էր հատկապես միջհամայնքային ուղղություններով արագ երթևեկող տաքսիների աշխատանքը։
Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանը, որը Վանաձորից է և Երևան գալու համար հաճախ օգտվում է տաքսիներից, սոցիալական ցանցում գրել է, որ բազմիցս բարձրաձայնել է վարորդների արագ և անպատասխանատու վարելու մասին։
«Քանի անգամ եմ/ենք բարձրաձայնել այս տաքսիների վարորդների փնթի, անպատասխանատու ու անթույլատրելի արագ վարելու մասին, քանի անգամ ենք խնդրել, որ մարդկանց կյանքը վտանգի տակ չդնեն, բայց, ինչպես միշտ, մինչև ողբերգություն տեղի չի ունենում, ոչ ոք չի շարժվում»,- գրել է նա։
Վարորդների աշխատանքին ծանոթ՝ ավտոկայանի ենթակայության տակ գործող ընկերություններից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, պնդեց՝ վերջին տարիներին չլիցենզավորված վարորդների թիվը զգալիորեն աճել է։
«Ապօրինի գործունեությամբ զբաղվող տաքսիստների թիվը կտրուկ աճել է 2019-ին։ Մարդը առնում է Opel Zafira ու սկսում է իր համար աշխատել։ Ո՛չ ստուգվում է, ո՛չ բուժկետ կա, ո՛չ մեքենաներն են ստուգվում, տեխնիկական սպասարկում էլ չկա»,- ասում է նա։
Տաքսիներից օգտվող Նազելի Ավագյանը պատմում է, որ նման վարորդի հետ իր վերջին ուղևորությունը կարող էր վտանգավոր ավարտ ունենալ։
«Մի 15 օր առաջ, երբ Երևանից ուղևորվում էի Ապարան, դարձյալ ուշ ժամ էր, ու վարորդը շատ արագ էր վարում։ Երևանից Ապարան ուղիղ ժամը պահել եմ ինքս՝ 45 րոպեում ենք հասել, ինչը, բնականաբար, նորմալ չէր։ Ասացի՝ դանդաղ վարեք, ինքը ավելի արագացրեց՝ ասելով. «Քուր ջան, ես հմուտ վարորդ եմ»»,- պատմում է Նազելի Ավագյանը։
Նրա խոսքով՝ վարորդի հմտությունը ճանապարհատրանսպորտային պատահարի վտանգը չի վերացնում։
«Այո, իհարկե, հմուտ վարորդ եք, բայց փորձանքը չի կարող շրջանցել անգամ հմուտ վարորդներին»,- ասում է նա։
Ինչո՞ւ են վարորդները շտապում
Մեզ հետ զրույցում մեկ այլ վարորդ, չցանկանալով ներկայանալ, պատմեց, որ ճանապարհին վարորդներին կարգադրող անձը պահանջում է հնարավորինս արագ հասնել, ուղևորներին իջեցնել և վերադառնալ, քանի որ նոր խումբ է սպասում։ Այսինքն՝ որքան շատ ուղևոր, որքան շատ երթ, այնքան ավելի մեծ եկամուտ։
Նույն վարորդի խոսքով՝ օրվա ընթացքում, օրինակ, Երևան-Վանաձոր ուղղությամբ պետք է մի քանի անգամ գնալ-գալ, որպեսզի օրվա ավարտին հնարավոր լինի բավարար գումար վաստակել։
Խնդիրը միայն արագությունը չէ։
«Իրենք հարկ չեն վճարում, սկսենք դրանից։ Մենք վճարում էինք հարկեր, տուրքեր, պետական վճարումներ, տարբեր բաներ։ Իրենք հարկ չեն վճարում, իրենք ոչ մի բան չեն վճարում։ Պետության բյուջեին արդեն օգուտ կլինի, եթե իրենք օրինական աշխատեն, աշխատավարձ վճարեն աշխատողներին, բան անեն, հարկեր մուծեն»,- ասում է ոլորտին ծանոթ աշխատակիցը, որ չցանկացավ ներկայանալ։
Քանի՞ խախտում է հայտնաբերվել
Տաքսիների ոլորտում վերջին վերահսկողությունը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 2026 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Տեսչական մարմնի ներկայացուցիչ Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ հայտնաբերվել է իրավախախտման 21 դեպք։
«Մենք պարբերաբար, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հատկապես վերահսկողական գործառույթներ ենք իրականացնում։ Ամբողջ հանրապետության տարածքում է, բայց «Զվարթնոցում» ավելի խստացված է»,- ասում է տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։
Վերահսկողության ընթացքում խնդիր է նաև այն վարորդների հայտնաբերումը, որոնք առանց համապատասխան տարբերանշանի քաղաքի տարբեր հատվածներում կանգնում են, ուղևորներ վերցնում և ուղևորավճար ստանում։
Զոհրաբյանի խոսքով՝ նման դեպքերը բացահայտվում են նաև Պետական եկամուտների կոմիտեի աջակցությամբ։
«Նման 13-ից 14 դեպքի բացահայտման համար տեսչական մարմինը դիմել է ՊԵԿ-ին»,- նշում է նա։
Տաքսիները՝ միջհամայնքային տրանսպորտի մրցակից
Խնդիրը միայն տաքսիների օրինական կամ ապօրինի աշխատելը չէ։ Այս մեքենաների տարածումը փոխում է նաև միջհամայնքային տրանսպորտի աշխատանքը։
Ուղևորները նախընտրում են հարմարավետությունն ու արագությունը, ինչի հետևանքով որոշ երթուղիներում ավտոբուսներն ու միկրոավտոբուսները երբեմն կիսադատարկ են երթևեկում։
Միջհամայնքային փոխադրողներից մեկի աշխատակիցը պատմում է, որ ուղևորների թիվը կարող է կտրուկ տատանվել։
«Երթևեկության ժամը գալիս է, մենք ուղևորվում ենք։ Կլինի հինգ հոգի, կլինի 10 հոգի, կլինի դատարկ նստելատեղ։
-Իսկ ո՞նց է հաճախ լինում՝ մարդիկ նախընտրում են այդ մեքենաներով գնալ, թե՞ երթուղայինով։
-Եվ՛ լիքը, և՛ կիսադատարկ մեքենաներ են լինում»։
Ուղևորների ընտրությունն էլ հասկանալի է․ նրանք ցանկանում են արագ, մաքուր և հնարավորինս հարմար պայմաններով հասնել տուն։ Տաքսին այդ հնարավորությունը հաճախ տալիս է։ Բայց արագության, չվերահսկվող աշխատանքի և անվտանգության կանոնների պահպանման բացերի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել։
Սեպտեմբերի 2-ի խոշոր ավտովթարի հետևանքով 15 մարդ այդպես էլ տեղ չհասավ։


