16 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը զիջումներ կորզելու մասին կարող է խոսել, բայց մարդասիրության մասին ճիշտ կանի՝ լռի․ Աբրահամյան

Ալիևը զիջումներ կորզելու մասին կարող է խոսել, բայց մարդասիրության մասին ճիշտ կանի՝ լռի․ Աբրահամյան

Ալիևի հայտարարությունն այն մասին, որ պատերազմի ժամանակ իրենք միայն ռազմական ստորաբաժանումներն են թիրախավորել, աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակահարությունը, որն, ի դեպ, հենց ադրբեջանցիներն էլ տեսանկարահանել ու զետեղել էին համացանցում. գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նույնը վերաբերվում է ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ Թալիշ ներխուժմանն ու Խալափյանների ընտանիքի 2 մեծահասակ անձանց դաժան սպանությանը:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմի օրերին բազմաթիվ կադրեր հրապարակվեցին հայերի գերության մեջ գտնվելու մասին, իսկ դրանից հետո այդ մարդիկ կա՛մ սպանվեցին, կա՛մ ներկայումս ունեն անհետ կորածի կարգավիճակ:

Այնպես որ, Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» և մինչև վերջ իր պարտադրածները ստանալու մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, համաշխարհային մշակույթի ու կրոնական արժեքների նկատմամբ իր նվիրվածության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. ի վերջո, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն՝ թե՛ ներսում, թե՛ դրսում»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ