
ՀՀ իշխանությունների ներկայացրած փաստարկներն աբսուրդային են․ Շոյգու
Ակնհայտ է Երևանի ցանկությունը՝ ընդլայնելու համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և նրա բացահայտ սպառողական վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը շատ խոսուն է։
«Հիշեցնեմ, որ 1990-ականներին Ռուսաստանը փրկեց երկիրը տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարվա ընթացքում նրա տնտեսությունը գրեթե եռապատկվել է», – նշել է Շոյգուն՝ հավելելով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները սկսել են խզել կապերը Ռուսաստանի հետ և ամրապնդել համագործակցությունն Արևմուտքի հետ։
Նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ֆինանսավորել Հայաստանի եվրոպական ինտեգրումը, և այս ուղղությամբ Երևանի ձեռնարկած յուրաքանչյուր քայլ «ունի օբյեկտիվ հետևանքներ»։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեր դիրքորոշումն այս հարցում բացարձակապես հստակեցրել է. Երևանը պետք է որոշի գործողությունների ընթացքը և հանրաքվե անցկացնի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ», – նշել է Շոյգուն։
«ՀՀ-ում գործող ռուսական բիզնեսների նկատմամբ կիրառվում է անբարյացակամ մոտեցում և ակնհայտ «երկակի ստանդարտներ»։ Այն, ինչ կատարվում է ձեռնարկությունների և բոլոր ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդներ է ներդրել, դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»։ Միևնույն ժամանակ, ներկայացված փաստարկները, անկեղծ ասած, աբսուրդային են, օրինակ՝ որ Հայաստանը կկորցնի միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու իր կարողությունը, եթե Ռուսաստանը շարունակի վերահսկել հայկական երկաթուղիները», – նշել է Շոյգուն։
Նա հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանը բախվում են Արևմուտքի բացահայտ և անպարկեշտ միջամտությանն իրենց քաղաքական իրավիճակին։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը վստահություն է հայտնել, որ «պետությունների միջև անհաշտելի հակասություններ չկան, և երբ անհամաձայնություններ են առաջանում, անհրաժեշտ է անմիջապես գնահատել, թե ով է շահում հարևան ժողովուրդների և պետությունների միջև կոնֆլիկտ առաջացնելուց»։
«Որպես կանոն՝ դրա հետևում կանգնած են արևմտյանները, որոնք հետաքրքրված են տնտեսության շահութաբեր ոլորտների, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների, ինչպես նաև ռեսուրսների նկատմամբ իրենց վերահսկողությունը պահպանելով», – ընդգծել է նա։


