ABCMEDIA
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Վաշինգտոնին երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Վաշինգտոնին երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադաոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտել են Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, որը հավակնում է Հայաստանի տարածքին և հրաժարվում է զորքերը դուրս բերել այնտեղից։

«Նա (Ալիևը) թշնամական հայտարարություններ է անում, օգտագործում է այդ հայտարարությունները՝ արդարացնելու իր բանակի հետագա մոբիլիզացիան, այնուհետև ձեռնարկում է ագրեսիվ գործողություններ, քանի որ կարծում է, որ որևէ հետևանք չի լինի: Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում իր անգործությամբ ապացուցել է, որ նա իրավացի է»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն էլ X-ի իր էջում գրել է․

«Ժամանակն է, որ մենք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք Հարավային Կովկասում հայերի դեմ կատարած գործողությունների համար»։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները կոչ են արել Վաշինգտոնին և նրա տարածաշրջանային գործընկերներին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները՝ ներառյալ պատժամիջոցները, երաշխավորելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ի պատասխան Ալիևի բացահայտ սպառնալիքների։