
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նշում է հիմնադրման 36 ամյակը
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նշում է հիմնադրման 36 ամյակը։
«1990 թվականի հոկտեմբերի 19-ին հիմնադրվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին և հիմք դնելով մի կառույցի, որի գործունեության առանցքում հայրենիքին ծառայելու և ազգային նպատակներին նվիրումի գաղափարներն են։
Անցած 36 տարիների ընթացքում միությունը դարձել է երիտասարդների ազգային և քաղաքական ձևավորման կարևոր հարթակ՝ իրականացնելով կրթական, գաղափարական, հասարակական և երիտասարդական բազմաթիվ ծրագրեր։
Լինելով նորանկախ Հայաստանի առաջին երիտասարդական քաղաքական կազմակերպությունը՝ միությունն իր ուրույն տեղն է զբաղեցրել անկախ պետականության վերականգնման շրջանի երիտասարդական կյանքում: Սերունդներ են անցել միության շարքերով՝ իրենց ներդրումն ունենալով ազգային կյանքում և շարունակելով այն ճանապարհը, որի հիմքում ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարն է։
Միության պատմության անբաժանելի մասն են նաև Արցախյան ազատագրական պայքարին մասնակցած աղբալյանականները։
Խոնարհումով հիշում ենք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր ընկերներին՝ արժևորելով նրանց սխրանքն ու անմար հիշատակը։
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը, հավատարիմ մնալ մեր գաղափարներին և շարունակել կրթված, գիտակից ու պատասխանատու երիտասարդություն ձևավորելու գործը»,–ասված է ուսանողական միության տարածած հաղորդագրության մեջ։


