Սույն թվականի հունվարի 22-ին Հռոմում գումարվեց Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի 18-րդ լիագումար նիստը, որը նվիրված է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության 20-ամյա հոբելյանին: Լիագումար նիստը տևելու է մինչև հունվարի 26-ը։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանձնախմբի լիագումար նիստին և հոբելյանական արարողություններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իրենց մասնակցությունն են բերել հանձնախմբի անդամներ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։