21 Հոկ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազը կոնֆետի տուփ չէ, որ դնես գրպանդ, Փարիզից կամ Բաքվից բերես Երևան․ Արթուր Խաչատրյան

Գազը կոնֆետի տուփ չէ, որ դնես գրպանդ, Փարիզից կամ Բաքվից բերես Երևան․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ անդամ 4 երկրի ներկայացուցիչների հրապարակած զեկույցում ներկայացված տնտեսական կանխատեսումների ճշգրտությունը կարճ ժամանակում հաստատել կամ հերքել հնարավոր չէ։ Սակայն ակնհայտ է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ անդամակցության առավելություններից զրկվելու դեպքում տնտեսական հարվածը մեծ կլինի․ ABC Media-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ զեկույցում ներկայացված հաշվարկներում կարող են լինել չստուգված ենթադրություններ, և պարզ չէ՝ հեղինակներն ինչ գործոններ են հաշվի առել։ Միևնույն ժամանակ, պատգամավորը կարծում է, որ գազի գնի հնարավոր բարձրացման կանխատեսումը հիմնավոր է, քանի որ այլընտրանքային մատակարարումների կազմակերպումը կամ գործող ենթակառուցվածքների ընդլայնումը ժամանակ կպահանջի։

«Գազը կոնֆետի տուփ չէ, որ դնես գրպանդ, Փարիզից կամ Բաքվից բերես Երևան։ Նույնիսկ եթե իրենք հույս ունեն Ադրբեջանից նոր գազամուղ կառուցել կամ Իրանի գազամուղի տրամագիծը մեծացնել, դա ժամանակ է պահանջելու։ Այսինքն՝ առաջիկա տարվա ընթացքում այդ հարվածը գալու է։ Տնտեսությունն ինչպե՞ս է դրա տակից դուրս գալու, չեմ կարող ասել»,- նշեց Խաչատրյանը։

Նրա գնահատմամբ՝ զեկույցը տնտեսական հաշվարկներից բացի նաև քաղաքական ուղերձ է Հայաստանին։ Պատգամավորը դրա հրապարակման ժամանակը կապում է Նիկոլ Փաշինյանի՝ Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ հանդիպումների և Բրյուսելում գագաթնաժողովի մասնակցելու հայտարարության հետ։

Խաչատրյանի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները կարող են գնալ Հայաստանի անդամակցության առավելությունների փաստացի սահմանափակման ճանապարհով՝ նույնիսկ առանց Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու պաշտոնական գործընթացի։

«Փաշինյանն ասում է՝ մենք դուրս գալու դիմում չենք ներկայացրել, բայց մյուս երկրները կարող են ինչ-որ քայլերի գնալ և փաստացի կասեցնել կամ սառեցնել Հայաստանի անդամակցությունը, նույնիսկ եթե ֆորմալ Հայաստանին չհեռացնեն ԵԱՏՄ-ից»,- ասաց պատգամավորը։

Նա այս հնարավոր սցենարը համեմատեց ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման հետ՝ նշելով, որ ձևական անդամակցությունը կարող է պահպանվել, մինչդեռ կազմակերպության շրջանակում ստացվող արտոնություններն ու հնարավորությունները՝ սահմանափակվել։ 

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ