23 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հպարտանալու առիթ չէ, այլ մեծ բացթողում, որ գազի գին է փոխվել, քաղաքացին չի իմացել»․ ի՞նչ հետևանքներ կունենա գազի գնի փոփոխությունը 

«Հպարտանալու առիթ չէ, այլ մեծ բացթողում, որ գազի գին է փոխվել, քաղաքացին չի իմացել»․ ի՞նչ հետևանքներ կունենա գազի գնի փոփոխությունը 

Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ներկայացուցիչների զեկույցում նշվում է գազի գնի հնարավոր 69 տոկոս թանկացման մասին։ Նիկոլ Փաշինյանը երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ չի կարող երաշխիքներ տալ գազի գնի փոփոխության վերաբերյալ։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացրած կանխատեսմանը պետք է լուրջ վերաբերվել։

Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկմանը, թե նախորդ 6 տարում գազի գինը երկու անգամ փոխվել է, բայց քաղաքացիները չեն զգացել թանկացումը՝ Մանասերյանն ասաց, որ Կառավարությունը պետք է բացատրի՝ ինչպես է դա հաջողվել։

«Նախ Կառավարությունը պարտավոր էր դրա մասին տեղեկացնել ազգաբնակչությանը, քաղաքացիներին, ինչը չի արել, և դա բնավ հպարտանալու առիթ չէ, այլ, կարծում եմ, շատ մեծ բացթողում է, և երկրորդը՝ պետք է այդ դեպքում մատնանշի, թե հատկապես ի՞նչ գործիքներ են կիրառվել, որ ազգաբնակչությունը չի զգացել այդ թանկացումը»,- ասաց Մանասերյանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ գազի հնարավոր թանկացումն ազդելու է ոչ միայն կոմունալ վճարների, այլև տնտեսության տարբեր ոլորտների և քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։

«Գազը քաղաքատնտեսական կատեգորիա է, և այն ազդելու է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական գործընթացների և, բնականաբար, մարդկանց սոցիալական վիճակի վրա»,- նշեց Մանասերյանը։

Ըստ նրա՝ գազը գնագոյացման կարևոր գործոն է, քանի որ դրա արժեքն ազդում է ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի վրա։

«Գազը գնաստեղծ գործոն է, այսինքն՝ գին ձևավորող գործոն է, այն պարզ ապրանք չէ, չկա տնտեսության մի ոլորտ, որի արտադրանքի կամ ծառայության մեջ, ինքնարժեքի բաղադրիչների մեջ չլինի գազը»,- ասաց նա։

Մանասերյանի խոսքով՝ Կառավարությունը պետք է պատասխան տա նաև այն հարցին, թե ինչ միջոցներով է պատրաստվում մեղմել հնարավոր թանկացման հետևանքները՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ ֆինանսական հնարավորությունները։

«Այդ դեպքում փոքր Հայաստանը սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով ինչպե՞ս պետք է դա անի, սա կարծում եմ, որ Կառավարության պատասխանատվությունն է»,- եզրափակեց Մանասերյանը։

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ