ABCMEDIA
Կյանքից հեռացել է Boney M խմբի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը

Կյանքից հեռացել է Boney M խմբի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը

82 տարեկանում Մայամիի իր բնակարանում մահացել է գերմանացի երաժիշտ, պրոդյուսեր և Boney M խմբի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը, գրում է The Sun պարբերականը։

Երաժիշտի մահվան պատճառը չի նշվում, սակայն պարբերականը պարզաբանել է, որ 2022 թվականին Ֆարիանը սրտի վիրահատության է ենթարկվել, ինչպես նաև սրտի փական է տեղադրվել։

1961 թվականին Ֆարիանը ստեղծեց Frankie Farian und die Schatten խումբը, որի հետ ելույթ էր ունենում տեղական ռեստորաններում և պարային ակումբներում։ Ֆարիանը հայտնի է դարձել 1964 թվականին, երբ խումբը Համբուրգում մասնակցում էր միջազգային ռոք փառատոնի։ 1968 թվականին նա սկսել է մենակատարի կարիերան։

 

Սակայն 1970-ականների կեսերից նրա կարիերան աստիճանաբար մարեց, և Ֆարիանը սկսեց փոփ երաժշտությամբ զբաղվել։ Նա հեղինակ է Boney M.-ի այնպիսի հիթերի, ինչպիսիք են Rasputin-ը և Daddy Cool-ը: Բացի այդ, Ֆարիանը հիմնել է մի քանի այլ փոփ նախագծեր, այդ թվում՝ Eruption, Precious Wilson, Far Corporation, Milli Vanilli, La Bouche։

Ֆարիանը համարվում էր 1970-ականների և 1980-ականների միջազգային ամենահաջողակ գերմանացի պրոդյուսերը: Նրա ձայնագրությունները վաճառվել են ավելի քան 800 միլիոն օրինակով։