
«Ադրբեջանական SOCAR-ը ՀՀ բենզինի շուկայում է հայտնվել», «Մի քանի ամիս է՝ Ադրբեջանից ՀՀ բենզին չի ներմուծվում»․ բանավեճ՝ ԱԺ-ում
Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր Հայաստանի վարչապետ, հայտարարում էր, որ վարչապետ ընտրվելուց մոտավորապես 20 րոպե հետո երկրում վերանալու է շաքարի մենաշնորհը, և խոստացավ, որ առհասարակ մենաշնորհները վերանալու են։ Հիմա անցել է ոչ թե 20 րոպե, այլ մի քիչ ավելի շատ ժամանակ՝ 8,5 տարի, այդ շուկայում փոփոխություն եղե՞լ է, թե՞ չէ․ այսօր ԱԺ նիստում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«2018 թվից մինչև հիմա, Ձեր հանձնաժողովի ուսումնասիրություններով, գոյություն ունի՞ գեթ մեկ ապրանքային շուկա, որ այս 8,5 տարիների ընթացքում տեղի ունեցած լինի կառուցվածքային փոփոխություն։ Նկատի ունեմ այն, որ շուկայում վերացած լինեն գերիշխող դիրք ունեցող ընկերությունները»,- հարց ուղղեց պատգամավորը։
Թեկնածուին հարց տրվեց նաև բենզինի շուկայի մասին, քանի որ վերջին մի քանի ամսվա ընթացքում «փաստացի այդ շուկայում հայտնվել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը, որը միջնորդ կազմակերպությունների միջոցով դարձել է Հայաստանում բենզինի և դիզվառելիքի մատակարար»։
Թեկնածուի խոսքով՝ հանձնաժողովը ներկայում մի շարք ապրանքների մասով՝ շաքարի, ձեթի, կարագի, պարենային, նպարեղենի, բրնձի, հնդկաձավարի և մի շարք այլ ապրանքների, «հենց հիմա իրականացնում է ուսումնասիրություն՝ նախորդող հինգ տարիների ժամանակահատվածում ինչպես են փոխվել շուկաները և մրցակցային իրավիճակն այդ շուկայում»։
«Նշեմ, որ գրեթե ուսումնասիրված բոլոր ոլորտներում կան դրական բարեփոխումներ․․․ Շաքարի շուկայում մենաշնորհի կարգավորումներ առկա չեն, տնտեսվարող սուբյեկտների թվաքանակը մեծացել է այս շուկայում, սակայն դեռևս չեմ կարող փաստել, որ մրցակցային իրավիճակն էապես բարելավվել է, որովհետև ուսումնասիրության արդյունքներն այս տարիների դինամիկայով ինքս դեռևս չեմ տեսել, բայց թվաքանակի առումով, կարող եմ նշել, ներմուծողների թիվն ավելացել է»,-ասաց Շուշան Սարգսյանը։
Բենզինի շուկայի մասով․ «Ինձ հայտնի չէ՝ ադրբեջանական SOCAR ապրանքանիշի կամ ընկերության կողմից բենզինի ներմուծման դեպք ուղիղ Հայաստանի Հանրապետության շուկայում։ Ներկայում, նույնիսկ իմ ունեցած տեղեկություններով, այս պահին այդ երկրից ներմուծումներ մի քանի ամսվա դրությամբ չունենք։ Մենք բենզին ներմուծում ենք մի շարք տարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական։ Այս պահի դրությամբ տվյալներն եմ ասում, և դրա արդյունքում է նաև, որ այս ներմուծման աղբյուրների և մեկնման երկրների դիվերսիֆիկացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում միջազգային շուկայական գների համեմատ ավելի ցածր է գնային բարձրացումը տեղի ունեցել»։
«Երեք հարցերի վերաբերյալ էլ Ձեր պատասխանից ես հասկացա, որ Դուք առհասարակ չեք տիրապետում իրավիճակին, չնայած որ առաջին օրվանից մինչև հիմա աշխատում եք փաստացի այդ հանձնաժողովում: Ի՞նչ է նշանակում թվերին չեք տիրապետում։ ․․․Ո՞նց եք գնահատականներ տալիս, կամ ասում եք՝ Ադրբեջանի SOCAR-ը շուկայի դերակատար չէ։ Ադրբեջանում միակ նավթ, գազ արտադրող, վերամշակող ընկերությունը SOCAR-ն է։ Եթե իշխանությունը հայտարարում է, որ Ադրբեջանից դիզվառելիք կամ բենզին է ներմուծում, ուրիշ սուբյեկտ այնտեղ գոյություն չունի։ Ո՞նց թե SOCAR-ը չի մասնակցում։ Ես ասում եմ, չէ՞, միջնորդավորված ընկերությունների միջոցով է իրականացնում»։
«Ինչ վերաբերում է SOCAR-ին, ես նշեցի՝ ես չեմ հերքում, որ այն ունի որևէ ազդեցություն ադրբեջանական շուկայում, բայց նշեցի, որ Հայաստանի Հանրապետության շուկայում այս պահի դրությամբ նման, ուրեմն, ընկերության ուղղակի մասնակցության և ներմուծման մասին տեղեկություններ չկան շուրջ 3 ամսվա տվյալներով։ Մեր ներմուծումները Հայաստանի Հանրապետություն իրականացվում են մի շարք երկրներից՝ Ռումինիայից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից, Վրաստանից, և այս երկրները մեկնման երկրներ են, այստեղից հասկանալ, թե ո՞ր երկրի ի՞նչ բենզին է գալիս, ես չեմ կարող»,- պատասխանեց թեկնածուն։


