
Առաջիկայում սահմանը կկարողանան հատել էլեկտրոնային անցակետերով՝ e-gate համակարգի միջոցով․ Փաշինյան
Հայաստանում նոյեմբերի 1-ից գործարկվել է կենսաչափական անձնագրերի համակարգը։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը խոսել է այս փոփոխության մասին՝ նշելով, որ այն էական նշանակություն ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունների հաջող ավարտի համար։
Նրա խոսքով՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար Հայաստանը պետք է իրականացնի մի շարք բարդ բարեփոխումներ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելով համապատասխան համակարգերը։
Մասնավորապես, նախատեսվում է վերափոխել սահմանապահ ծառայության կարգավիճակը, և միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի բոլոր պետական սահմանների վերահսկողությունը հանձնել ՀՀ սահմանապահ ծառայությանը։ Փաշինյանի խոսքով՝ արդեն մի քանի տարի սահմանային բոլոր անցակետերը վերահսկվում են բացառապես հայկական սահմանապահ զորքերի կողմից, և այդ գործընթացը շարունակվելու է աստիճանաբար։
Փաշինյանը նաև հայտնել է, որ կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիները առաջիկայում կկարողանան սահմանը հատել էլեկտրոնային անցակետերով՝ e-gate համակարգի միջոցով։ Առաջին նման հնարավորությունը կստեղծվի «Զվարթնոց» օդանավակայանում, հետագայում՝ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում։
Կառավարությունը նախատեսում է բանակցություններ սկսել նաև այլ երկրների հետ՝ արտերկրի օդանավակայաններում Հայաստանի քաղաքացիներին նման ծառայություններից օգտվելու հնարավորություն տալու համար։ Դրա համար անհրաժեշտ կլինի ապահովել երկրների միջև տվյալների փոխանակում։


