«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը կազմակերպում է միջոցառումների շարք՝ հաջակցություն Արցախի բնիկ հայ բնակչությանը։ Միջոցառումներն անցկացվելու են հունվարի 27-ին և 28-ին`եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում:
Միջոցառումները նախատեսված են Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում:
Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքացիները կմիավորեն ուժերը տարբեր ակցիաների և հավաքների միջոցով՝ կոչ անելով իրենց պետությունների ղեկավարներին և Եվրամիության ղեկավարությանը՝
- Հստակ և աներկբա կերպով դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։
- Սահմանել անհատական թիրախային պատժամիջոցներ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, որը ներգրավված է եղել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, սեպտեմբերի 19-ի հարձակման և Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։
- Կիրառել բոլոր հասանելի լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին, ռազմագերիներին, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր, ինչպես նաև ազատ արձակել 2023 թվականի սեպտեմբերի վերջերին առևանգված Արցախի նախկին և ներկա ղեկավարներին։
- Նպաստել անվտանգության միջազգային շոշափելի երաշխիքների հաստատմանը` հնարավորություն տալով Արցախի բնիկ հայ բնակչությանը օգտվելու սեփական հայրենիք վերադառնալու իր անօտարելի իրավունքից, ինչպես նաև տրամադրելով Արցախին միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակ և աջակցելով այդ իրավունքին։
- Արդյունավետորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած միջոց և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած գործողություն։
- Հայաստանին տրամադրել համապատասխան օգնություն՝ Արցախից բռնի կերպով տեղահանված հայ բնակչության հոսքը կառավարելու համար:
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք europeansforartsakh.eu կայք։
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական համագործակցային հարթակ/շարժում է, որը միավորում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ 15 երկրներում գործող հայ համայնքի ներկայացուցչական մարմինները։
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման առաջին նախաձեռնությունը նամակ էր՝ ուղղված Եվրամիության ղեկավարությանը՝ Արցախի հայ բնակչությանն աջակցելու նպատակով։ Նամակը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական ասոցիացիաներ։
Հարթակի առաքելությունն է մոբիլիզացնել քաղաքացիներին՝ աջակցելու Արցախի բնիկ հայ բնակչության հիմնարար իրավունքներին՝ միևնույն ժամանակ բարձրացնելու այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը՝ Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում: