
Ինձ թվում է` Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում, ինչքան ՔԿ-ն խուզարկում է, մի 3-4 հարկ մնում է, էլի են գնում․ Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին
Մենք ապրում ենք «ծուռ հայելիների» երկրում՝ փայլուն, նոր վերանորոգված դահլիճ, փողկապներով գալիս լուրջ-լուրջ նստում ենք, միլիոն, միլիարդ քննարկում, բայց զուգահեռ իրականությունում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը խուզարկություն է․ Ազգային ժողովում ՀՀ ՆԳ նախարարին դիմելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ինձ թվում է` Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում, ինչքան ՔԿ-ն խուզարկում է, մի 3-4 հարկ մնում է, էլի են գնում։ Մենք «ծուռ հայելիների» երկրում ենք ապրում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
«Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի, մնացյալի հետ կապված խուզարկություններին, իրավական ստանդարտ պրոցեսներ են, քննիչի կողմից կա համապատասխան որոշում, ոստիկանությունն այս պրոցեսում աջակցող դերակատարում ունի, և ցանկացած իրավիճակում, անկախ անձի անուն-ազգանունից, բնական է, որ եթե կա խուզարկության հիմք, դրանք պիտի տեղի ունենան»,– նշեց նախարար Արփինե Սարգսյանը։


