06 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի հետ տնտեսական վեճը լուծելու համար ընտրել ենք քաղաքակիրթ ճանապարհը․ Պապոյան

Ռուսաստանի հետ տնտեսական վեճը լուծելու համար ընտրել ենք քաղաքակիրթ ճանապարհը․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանի հետ առկա վեճը դիտարկում է տնտեսական և իրավական հարթությունում և լուծումը փնտրում համապատասխան փաստարկների հիման վրա․ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումներին և հարցի քննարկմանը ԵԱՏՄ շրջանակում։

«Մենք Ռուսաստանի հետ ունենք տնտեսական վեճ»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ հայկական կողմն ընտրել է խնդիրը լուծելու «քաղաքակիրթ ճանապարհը»։

Պապոյանի գնահատմամբ՝ քաղաքական հակափաստարկներն այս հարցում գործնական արդյունք չեն կարող տալ։ Նրա խոսքով՝ նախարարությունն առաջ է շարժվում տնտեսական օրենսդրության և իրավական հիմնավորումների շրջանակում։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ում քննարկման ընթացքին՝ նախարարը շեշտեց, որ Հայաստանը միության լիիրավ անդամ է և մասնակցում է դրա բոլոր գործընթացներին՝ քվեարկում է, վետո կիրառում կամ չի մասնակցում քվեարկությանը։ Նա նշեց, որ անդամ երկրների միջև նման վեճերն ու դրանց քննությունը սովորական ընթացակարգ են։

«Ռուսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվել Եվրոպական միությունում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Արտահանման շուկաների բազմազանեցումն առաջ է գնում և նպաստում տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- վստահեցրեց Էկոնոմիկայի նախարարը։

Պապոյանի ներկայացրած տվյալներով՝ այս տարի ԵՄ շուկա արտահանումն ավելացել է 67 տոկոսով։ Մասնավորապես, ըստ նախարարի, Բուլղարիա արտահանումն աճել է 4,9 անգամ, Մալթա՝ 4,8 անգամ, Ավստրիա՝ 3,1 անգամ, Լեհաստան՝ 3 անգամ։

Նա նշեց, որ արտահանվող ապրանքների շարքում կան պտուղ-բանջարեղեն, այլ գյուղատնտեսական մթերքներ, հանքահումքային արտադրանք, սարք-սարքավորումներ և տեխնոլոգիական արտադրանք։

«Շուկաները զարգանում են, չեն պահպանվում»,- ասաց Պապոյանը՝ պատասխանելով արտահանման նոր ուղղությունների կայունության մասին հարցին։

Գառնի Մութաֆյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ