
Փաշինյանի համար քաղաքացին լեգիտիմացված կեղեքման «մատերիալ» է․ Լևոն Զուրաբյան
«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,․ ասում էր մի հայտնի դասական, որը սիրում էր բարձրանալ արագաչափերի սյուների վրա և սկոչով ծածկել տեսախցիկները․ գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Իսկ հիմա նրա կառավարության սահմանած կենսաչափական անձնագրի տուրքը 28․650 դրամ է՝ միջին ամսական համախառն աշխատավարձի 9․45%-ը։ Գրեթե մեկ տասներորդը՝ մեկ անձնագրի համար։
Նույն համեմատությունը՝ ըստ երկրների։ Զարգացած երկրներ՝ Գերմանիա՝ 1․26 %, Լեհաստան՝ 1․59 %, Կանադա՝ 2․12 %, Մեծ Բրիտանիա՝ 2․19%, Ֆրանսիա՝ 2․25 %, ԱՄՆ՝ 2․69 %։
Նախկին ԽՍՀՄ երկրներ՝ Բելառուս՝ 3․34 %, Մոլդովա՝ 5․07 %, Ադրբեջան՝ 5․44 %, Ռուսաստան՝ 5․98 %, Ուզբեկստան՝ 6․21 %, Ղրղզստան՝ 6․71 %, Վրաստան՝ 6․93 %, Ղազախստան՝ 7․80 %, Տաջիկստան՝ մոտ 30․45 %։
Այս համեմատության մեջ Հայաստանից բարձր ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը։ Իսկ մեր քաղաքացին իր աշխատավարձից անձնագրի համար հատկացնում է մոտ 7․5 անգամ ավելի մեծ բաժին, քան Գերմանիայում, և 36 %-ով ավելի մեծ բաժին, քան Վրաստանում։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար քաղաքացին լավ էլ տուգանքի է՛լ, տուրքի է՛լ, հարկման է՛լ և ընդհանրապես՝ լեգիտիմացված կեղեքման մատերիալ է։
Ի՞նչ է ստացվում։ ՀՀ քաղաքացին պետք է ընտանեկան բյուջեից մի շոշափելի գումար վճարի ինչ-որ մասնավոր ընկերության (որի գործարքը Փաշինյանի կառավարության հետ դեռ պետք է ստուգվի), որպեսզի անձնագրից հանեին Արարատի պատկե՞րը և Հայաստանը մերձեցնեին ԵՄ-ի հե՞տ, որի հետ մերձենալը, ինչպես բացահայտեց Նիկոլի նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, իրենք էլ գիտեն, որ իրատեսակա՞ն չէ։
Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ «տեխնիչնի» մտնել նրանց գրպանը։
Հլա ո՜ւր եք»,- նշել է նա։


