13 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զոհերի ձայնը՝ արդարադատության կենտրոնում․ Երևանում միջազգային համաժողով է անցկացվում

Զոհերի ձայնը՝ արդարադատության կենտրոնում․ Երևանում միջազգային համաժողով է անցկացվում

Երևանում այսօր՝ նոյեմբերի 13-ին, մեկնարկել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի (CFTJ) 5-րդ միջազգային համաժողովը՝ «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով։

Համաժողովին մասնակցում են 17 երկրներից վերապրածներ, զոհերի ներկայացուցիչներ, իրավաբաններ, հոգեբաններ, քաղաքականություն մշակողներ, գիտնականներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Քննարկումների առանցքում զանգվածային ոճրագործությունների զոհերի իրավունքների պաշտպանությունն է, նրանց ձայնը խաղաղության բանակցություններում և միջազգային արդարադատության գործընթացներում լսելի դարձնելու խնդիրը։

Արցախ, Ուկրաինա, Սուդան, Սիրիա, Իրաք, Գազա․ հակառակ հակամարտությունների աշխարհագրության տարբեր լինելուն՝ հետևանքները, զոհերի, տուժածների ձայները գրեթե նույն տոնայնությունն ունեն, պատմությունները՝ նույն գույնն ու հոտը։

Ինչո՞ւ են մեկ հարկի տակ հավաքել նրանց․ ABC Media-ի հետ զրույցում Կալիֆոռնիայի բարձրագույն դատարանի դատավոր Կասիա Աբգարեանը մեկնաբանեց․ «Մենք մեն-մենակ չենք կարող այնքան ուշադրություն կենտրոնացնել, որքան որ կանենք ցեղասպանություն ապրած ժողովուրդներին, հասարակություններին համախմբելով։ Մենք միայն տուժող չենք, մենք այդ ոճրագործության դեմ պայքարող ենք։ Եվ աշխարհի տարբեր կետերից մարդկանց Հայաստան հրավիրելով, հենց այստեղ նրանց պատմությունները լսելով՝ ուզում ենք Հայաստանը դարձնել մարդու միջազգային իրավունքի պահպանման կենտրոններից մեկը»։

Զոհերի ձայնը՝ արդարադատության կենտրոնում․ Երևանում միջազգային համաժողով է անցկացվում

Նա ընդգծում է՝ Արցախի բռնի հայաթափումը, էթնիկ զտումը Հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն է։ Պետք է ցեղասպանություն կատարած երկիրը տնտեսական, քաղաքական, իրավական սանկցիաների ենթարկվի՝ նորից չկրկնելու, այլ երկրների համար օրինակ չլինելու համար․ նշում է Կալիֆոռնիայի բարձրագույն դատարանի դատավորը։

Համաժողովի նախագահ, Ճշմարտության և արդարադատության կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Վարդանյանի խոսքով՝ ոճրագործությունները վերապրածները տասնամյակներ անց շարունակում են կրել բռնության երկարաժամկետ հետևանքները։

«Մենք նպատակ ունենք խաղաղության բանակցություններում, աշխարհաքաղաքական պայմանավորվածություններում ու հարաբերությունների կարգավորման գործընթացներում լիարժեք մասնակից դարձնել զոհերին։ Սա կնպաստի արդարադատությանն ու պատասխանատվությանը՝ թույլ չտալով, որ նրանք քաղաքական սակարկությունների առարկա դառնան»,- նշեց Գևորգ Վարդանյանը։

Զոհերի ձայնը՝ արդարադատության կենտրոնում․ Երևանում միջազգային համաժողով է անցկացվում

Համաժողովի ընթացքում անդրադարձան նաև միջազգային իրավունքի շրջանակում զոհերի իրավունքների ճանաչմանը, փոխհատուցման մեխանիզմներին և արդարադատության հասնելու ճանապարհին առկա խոչընդոտներին։

Համաժողովի շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, ներկայացվեց Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների․ Հայաստանի անցյալը, բացթողումները և միջազգային իրավունքի իրական հնարավորությունները» գիրքը։ Հեղինակը քննարկման է դնում հարցը, թե ինչպես կարող է Հայաստանը միջազգային իրավունքն օգտագործել արտաքին քաղաքականության արդյունավետ գործիք։

Երկօրյա միջազգային համաժողովը հստակ ուղերձ ունի․ զոհերը միջազգային իրավունքի պարզապես վկաներ չեն, այլ դրա բարոյական հիմքը։ Եվ քանի դեռ նրանց պատմությունները լսելի չեն, արդարադատության մասին խոսքերն ամբողջական չեն կարող լինել։

Անի Աբաղյան

 

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ