18 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ամսական մոտ 2 միլիոն 275 հազար դրամ աշխատավարձ եք ստանում, ինչպե՞ս», «Արդարանալու ոչ մի բան չունեմ ձեր առաջ»

«Ամսական մոտ 2 միլիոն 275 հազար դրամ աշխատավարձ եք ստանում, ինչպե՞ս», «Արդարանալու ոչ մի բան չունեմ ձեր առաջ»

ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ նշելով, որ վերջինս չի կարողացել պատասխանել բյուջեի և մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև Կառավարության ներդրումային ծրագրերից պետության ակնկալվող ֆինանսական օգուտների վերաբերյալ հարցերին։

«Ձեզ հարցնում են՝ բյուջեի դեֆիցիտն ինչքա՞ն է, ասում եք՝ թիվը չեմ կարող ասել։ Ֆինանսների նախարարն եք, թվերը չգիտե՞ք, բա ի՞նչը գիտեք։ Եկել եք Ազգային ժողով՝ բյուջեի նախագիծ ներկայացնելու, ու բյուջեի առանցքային ցուցանիշներին չեք տիրապետում։ Բա ինչի՞ն եք տիրապետում»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը։

Այնուհետև պատգամավորը նախարարից հետաքրքրվեց, թե 2018 թվականից ի վեր Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ որքան գումար է հատկացրել Արցախի Հանրապետությանը, ինչպես նաև որքան է կազմում Արցախի նյութական կորուստը։

Ղազարյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ Արցախի բյուջե միլիարդավոր դրամների հատկացումներ է արել, այդ թվում՝ 2023 թվականի պետական բյուջեով, և այդ միջոցներով Արցախում ձեռք են բերվել կապիտալ միջոցներ, կառուցվել դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ։

Ի պատասխան՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ չի տիրապետում նշված բոլոր թվերին, քանի որ ազգային վիճակագրությունը ծավալուն է, և ինքը պարտավոր չէ հիշել վիճակագրական բոլոր տվյալները։

Անդրադառնալով Արցախի ֆինանսավորմանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ իր՝ Ֆինանսների նախարարությունում աշխատած ժամանակահատվածում այդ գումարների հիմնական ուղղությունը սոցիալական աջակցությունն էր։

Քննարկման ընթացքում պատգամավորը նաև անդրադարձավ նախարարի եկամուտների հայտարարագրին՝ նշելով, որ Հովհաննիսյանը հայտարարագրել է 27 միլիոն 310 հազար դրամ աշխատավարձ, որը, ըստ Ղազարյանի հաշվարկի, ամսական կազմում է 2 միլիոն 275 հազար դրամ։

Նա նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված օրենքով սահմանված աշխատավարձի չափը կրկնակի գերազանցող այդ գումարը։

Ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ստանում է կառավարության կողմից իր աշխատանքի համար սահմանված աշխատավարձ և իր եկամուտները թափանցիկ կերպով հայտարարագրում է։

«Ես իմ աշխատանքի համար ստանում եմ այն աշխատավարձը, որը սահմանված է, որն ինձ վճարում է կառավարությունը, և իմ ստացած եկամուտների վերաբերյալ թափանցիկ հայտարարագրում եմ իրականացնում։ Արդարանալու ընդհանրապես ոչ մի բան չունեմ ձեր առաջ»,- արձագանքեց նախարարը։ 

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ