18 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որքան բյուջե է նախատեսում Կառավարությունը ՊՆ-ի համար․ Վահե Հովհաննիսյան

Որքան բյուջե է նախատեսում Կառավարությունը ՊՆ-ի համար․ Վահե Հովհաննիսյան

2027 թվականի ավարտին Կառավարության պարտքը կանխատեսվում է շուրջ 6 տրիլիոն 447 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 47․4 տոկոսը․ այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատ կնվազի 0,2 տոկոսային կետով՝ կազմելով 46,5 տոկոս։

«2027 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ։ 2027-ին պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 311 միլիարդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 771 միլիարդ դրամ։ Բյուջեի եկամուտների 3 տրիլիոն 604 միլիարդ դրամից հարկային եկամուտներն ու պետական տուրքերը 3 տրիլիոն 463 միլիարդ դրամ են։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի հարաբերակցությունը կբարելավվի 2027 թվականին՝ կազմելով ՀՆԱ-ի 25․4 տոկոսը՝ 2026-ին սպասվող 24․8 տոկոսի դիմաց»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։

Պետական բյուջեից Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 616 միլիարդ դրամ՝ 2026-ի համեմատ 53 միլիարդ դրամով ավելի։ 

Առողջապահության նախարարության գծով ծախսերը կկազմեն 348 միլիարդ դրամ, ինչը 2026-ին հաստատված բյուջեի համեմատ ավելի է շուրջ 136 միլիարդ դրամով։ Հովհաննիսյանը նշեց, որ ապահովագրության ծառայությունների գծով հատկացվելու է շուրջ 276 միլիարդ դրամ։

Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ։ 2026-ին հաստատված բյուջեից ավելին է 91 միլիարդ դրամով։ Կենսաթոշակների և ծերության նպաստների համար նախատեսվում է 492 միլիարդ դրամ, ինչը 2026-ի համեմատ ավելի է 86 միլիարդ դրամով։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին տարիներին «ունեցել ենք բարձր տնտեսական աճ», որը որպես կանոն մեծ ազդեցություն է ունեցել միջին և բարձր եկամտային խմբերի եկամուտների վրա։ Մինչդեռ ցածր եկամտային խմբերի պարագայում, ինչպիսին են թոշակառուները, ազդեցությունը սահմանափակ է։

«Եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց սոցիալական ծախսերի փոխհատուցման համար նախատեսվում է ուղղել 22 միլիարդ դրամ 12 միլիարդ դրամ, հիփոթեքային վարկի վճարված տոկոսների վերադարձին նախատեսվում է հատկացնել շուրջ 123 միլիարդ դրամ՝ 2026-ի համեմատ 21 միլիարդ դրամով ավելի»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց նաև, որ արցախցիների սոցիալական ծրագրերի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 54 միլիարդ դրամ, որի շրջանակում հիփոթեքային վարկի մայր գումարի գծով աջակցության թիրախը 10 000 ընտանիք է։

Անդրադառնալով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացմանը՝ Ֆինանսների նախարարը հայտարարեց․ ճանապարհային ցանցի բարելավման ծրագրին նախատեսվում է ուղղել 140 միլիարդ դրամ՝ 15 միլիարդ դրամով ավելի 2026-ից։

Ոռոգման համակարգի առողջացման ծրագրին նախատեսվում է հատկացնել 16 միլիարդ դրամ։

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ