
Ֆրանսիան զինվորականներ ունի Ուկրաինայում, սակայն նրանք պատերազմին «չեն մասնակցում»․ ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ընդունել է այն փաստը, որ Ուկրաինայում ֆրանսիական զորքեր կան, և հայտարարել, որ դա նվազագույնն է, ինչ Փարիզը կարող է անել․ հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ֆրանսիական զորքերի ներկայությունն Ուկրաինայում նախատեսված է մարզումների և տեխնիկական աջակցության համար։ Բարոն նշել է, որ Փարիզն Ուկրաինայում ընթացող հակամարտության «մասնակից» չէ և չի ձգտում դառնալ այդպիսին, «այլ աջակցում է ուկրաինական բանակին և ուկրաինական դիմադրությանը»։
«Եվրոպայի սահմաններին իր անկախության, ազատության և ժողովրդավարության համար պայքարող ժողովրդի՝ մեր անվտանգության համար պայքարող ժողովրդի համար նվազագույնը, որ մենք կարող ենք անել, մի քանի հրահանգիչ և տեխանձնակազմ ուղարկելն է», - ասել է նա։
Նախկինում Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն հաստատել էր, որ ֆրանսիական զորքերը գտնվում են Ուկրաինայի տարածքում և մասնակցում են ուկրաինացի զինվորների մարզմանը։ Սակայն Փարիզը հերքում է իր զորքերի անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին։


