
Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջում է, որ Հայաստանի «ոչ բլոկային» կարգավիճակ ունենա․ Դանիելյանը մանրամասներ է հայտնում
Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հանդիպմանը հաջորդելու է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների աննախադեպ եռակողմ հանդիպումը։ Նոյեմբերի 19-ին նախատեսված բանակցությունների օրակարգում կարող են լինել Ուկրաինայի պատերազմը, Իրանի շուրջ իրավիճակը, միջուկային զինաթափումն ու համաշխարհային անվտանգության հարցերը։ Հանդիպումն արդեն իսկ համեմատվում է 1945 թվականի Յալթայի խորհրդաժողովի հետ, երբ հաղթող տերությունները քննարկում էին հետպատերազմյան աշխարհակարգն ու ազդեցության գոտիները։
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ մեծ տերությունների բանակցությունները կարող են անմիջական ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի և Հայաստանի վրա։ Ավելին՝ նրա փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ Ռուսաստանը բարձրացրել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հարցերը։
«Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և Եվրոպայից պահանջում է, որ չորս երկիր լինեն ոչ բլոկային տրամաբանության մեջ։ Դրանք են Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը և Վրաստանը։ Այսինքն՝ այդ երկրները ինչ-որ առումով պետք է բուֆերային երկրի դեր կատարեն»,- ասել է Դանիելյանը։
Նրա խոսքով՝ նման զարգացումների դեպքում այդ պետությունների կարծիքը կարող է հաշվի չառնվել։
«Մեր կարծիքը բնականաբար չեն հարցնելու, և երբ որ Հայաստանի վարչապետը մեկնի Ռուսաստան, իրեն ուղղակի ներկայացնելու են, թե ինչ որոշում են կայացրել նաև Հայաստանի մասով»,- նշել է վերլուծաբանը։
Դանիելյանի գնահատմամբ՝ Պուտին-Սի հանդիպման օրակարգը չի սահմանափակվում երկկողմ հարաբերություններով։ Քննարկումների առանցքում են նաև աշխարհակարգի ապագա սկզբունքները, միջազգային հաղորդակցությունները և Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Նրա խոսքով՝ մեծ տերությունները պետք է համաձայնության գան մի շարք հարցերի շուրջ, որոնք կարող են վերաբերել նաև Հարավային Կովկասին։
Անդրադառնալով սպասվող եռակողմ հանդիպմանը՝ վերլուծաբանը զուգահեռներ է անցկացրել Յալթայի և Պոտսդամի խորհրդաժողովների հետ՝ նշելով, որ մեծ տերությունները կարող են քննարկել ազդեցության գոտիների և անվտանգության նոր սկզբունքների հարցերը։
Միաժամանակ, Պուտին-Սի հանդիպման վերաբերյալ հրապարակային հայտարարություններում երկու առաջնորդներն ընդգծել են բազմաբևեռ աշխարհակարգի և երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը։ Թե որքանով կհաջողվի երեք առաջնորդներին համաձայնության գալ գլոբալ հարցերի շուրջ, պարզ կդառնա նախատեսված բանակցություններից հետո։


