
Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ Լոնդոնը վետերաններին առաջարկել է պատրաստվել զորակոչի
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պահեստազորայիններին նախապատրաստում է զորակոչի․ գրում է The Telegraph-ը։
Սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ պահեստազորի շուրջ 100 հազար զինծառայող նամակներ է ստացել՝ նախապատրաստական միջոցառումներին և զորավարժություններին կամավոր մասնակցելու առաջարկով։ Խոսքը, մասնավորապես, հաջորդ գարնանը կայանալիք ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժության մասին է։
Պաշտպանության նախարարությունը դա բացատրել է զինված ուժերի պատրաստվածության ամրապնդմամբ, ինչն օգնում է նվազեցնել հակամարտության առաջացման ռիսկը։ Խոսքը ռազմավարական պահեստազորի՝ վերջերս բանակից զորացրված վետերանների մասին է, որոնք բացառիկ հանգամանքներում զորակոչվելու պարտավորություն են պահպանում՝ ի տարբերություն նրանց, ովքեր զինվորական ծառայության են անցնում կամավոր հիմունքներով։
«Նամակ-ծանուցումները չեն նշանակում, որ պահեստազորայիններին ուր որ է ծառայության կկանչեն։ Սա պարզապես կազմակերպչական գրագետ աշխատանք է. մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչպես կապ հաստատել զորակոչի ենթակա անձանց հետ, և ունենալ արդիական տեղեկություններ նրանց հմտությունների ու փորձի մասին»,- հայտնել է վետերանների հարցերով նախարար Քելվին Բեյլին։
The Telegraph-ի տվյալներով՝ Բրիտանիան սկսում է «ավելի լուրջ» վերաբերվել Հյուսիսատլանտյան պայմանագրի 3-րդ հոդվածին, որը պարտավորեցնում է անդամ պետություններին զարգացնել սեփական պաշտպանական կարողությունները և փոխադարձ օգնություն ցուցաբերել զինված հարձակմանը դիմակայելու համար։
Բրիտանական բանակը հասել է նվազագույն թվաքանակի նապոլեոնյան պատերազմների ժամանակներից ի վեր՝ 73 հազարի։ Պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Մեծ Բրիտանիան պետք է պատրաստ լինի պատերազմի մինչև 1000 օր։


